Թուրքիան փորձում է իր հայտարարություններով այս կամ այն կերպ խորամանկել, սակայն Հայոց ցողասպանության ճանաչումը նրա կողմից անխուսափելի է: Այս մասին Ծիծառնակաբերդի հուշահամալիրում, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Թուրքիան վաղ թե ուշ գնալու է այդ քայլին»,- վստահություն հայտնեց Քոչարյանը:

 

Նրա խոսքով' ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ առկա է հետևողական աշխատանք, որի արդյուքը տեսանելի կլինի:

 

Ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, վաղ առավոտից Ծիծեռնակաբերդում չի դադարում մարդկանց հոսքը: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցողների թվում են Հայաստանի և արտերկրի առաջատար հասաքակական-քաղաքական գործիչները, մտավորականներ, պարզապես քաղաքացիներ: Հարգանքի տուրք մատուցեց նաեւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը' Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ է լ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: