Թուրքական զանգվածային լրատվամիջոցներն անմիջապես արձագանքել են Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա' ապրիլի 24-ի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձին:

 

Թուրքական էլեկտրոնային մամուլն ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ նախագահն ուղերձում չի անդրադարձել Էրդողանի հղած ապրիլքսանչորսյան ցավակցական հայտարարությանը:

 

Թուրքական էլեկտրոնային մամուլն առանձնացրել է ՀՀ նախագահի արտահայտած հետևյալ մտքերը' Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը, Թուրքիայի հասարակությունը որպես թշնամի չենք դիտում (թուրքական կայքերն այն ներկայացրել են «թուրքերը հայերի թշնամիները չեն» վերաձևակերպմամբ) և այն, որ ՀՀ նախագահը հիշեցնում է հայ-թուրքական արձանագրությունների մասին:

 

Թուրքական «T 24» անկախ ինտերնետային թերթը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականությունը Հայաստանի կողմից ընկալվում է որպես ցեղասպանության հանցագործության շարունակություն: «Հուրիեթն» էլ գրել է, որ ՀՀ նախագահը երախտագիտություն է հայտնել Ցեղասպանության ժամանակ հայերին օգնություն ցուցաբերած թուրքերին: