Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վախեցրել է այն, որ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հայերին հղած ուղերձը կարող է անհանգստացնել կամ նեղացնել Ադրբեջանին: «Փոքր եղբորը» սիրաշահելու նպատակով ուղերձի հրապարակումից ժամեր անց Էրդողանը կրկին բարձրաձայնել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ կապված թուրքական չարչրկված նախապայմանը' կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, Հայաստանի հետ առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Էրդողանը կրկին խոսել է նախապայմանների լեզվով:

 

«Որոշ նախապայմաններ կան: Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար առաջնային է: Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման մեր իշխանությունն այդպիսի որևէ բանի «այո» չի կարող ասել: Քանի որ այդտեղ լուրջ անիրավություն կա: Անհրաժեշտ է, որ ԼՂ հակամարտությունը լուծում ստանա»,- հայտարարել է Էրդողանը:

 

Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ դիվանագիտական խաղերի մեջ մտնելուց հետո այժմ էլ Թուրքիայի վարչապետը արդեն հնացած թուրքական հնարքների միջոցով փորձում է մեղմել Ադրբեջանից սպասվելիք հնարավոր արձագանքները: Հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը և բնականոն զարգացումը թուրքական պետությունը պայմանավորում է ԼՂ հիմնահարցով' անթույլատրելի կերպով միջամտելով արդեն հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին: Հայերին ուղղված ուղերձից հետո նման հայտարարությունը վկայությունն է նրա, որ Էրդողանի խոսքերը շինծու էին և ոչինչ ավելի չէին պարունակում, քան միջազգային հանրության աչքերը թուրքական ժխտողականության առաջ փակելն է: