ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում կատարել է այն ամենը, ինչն անհրաժեշտ է համարել մշակույթի զարգացման համար: Նրա խոսքով՝ այդ ոլորտում որքան գործ կատարվում է, այնքան ավելի շատ խնդիրներ են ի հայտ գալիս: «Կար ժամանակ, երբ ոչ ոք խնդիրներից չէր խոսում, սկսեցինք զբաղվել դրանցով ու հասկացանք, որ շատ խնդիրներ կան: Դրանք լուծելով' պետք է փորձենք կամաց-կամաց առաջ գնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հասմիկ Պողոսյանը՝ գնահատելով իր պաշտոնավարման անցած ժամանակահատվածը:

 

Այն հարցին, թե ի հայտ եկած խնդիրների մեծ մասն արդեն լուծվե՞լ են, նախարարը պատասխանեց, որ բոլոր ժամանակների բոլոր նախարարներին Հայաստանում խնդիրները բավարարելու են: Միայն մշակութային ժառանագության պահպանության հատվածը ոչ 5, ոչ 10 և ոչ էլ 50 տարում, ըստ Պողոսյանի, լուծելու խնդիր չէ: Նրա խոսքով, մեր երկիրն ունենալով փոքր տարածք՝ գերհագեցած է մշակույթով, մյուս կողմից՝ Հայաստանն ունի բազմաթիվ մշակութային հատվածներ տարբեր երկրներում:

 

Հարցին, թե մշակութային արժեքներն իրեն հաջողվե՞լ է պահպանել, նախարարը նշեց, որ, իհարկե, խնդիրներ ունեցել են, իհարկե, ինքը բավարարված չէ այդ հարցի լուծմամբ և համաձայն է հանրության մեղադրանքների հետ:

 

Հարցին՝ տեսե՞լ է նախարարը, թե ինչի է վերածվել Փակ շուկան, Պողոսյանն ասաց, որ չի եղել այնտեղ: Իսկ չի՞ ցանկանում լինել, տեսնել, թե ինչի վերածվել այն: Նախարարը նշեց, որ ոչ: Ցա՞վ է ապրում նախարարը: Պողոսյանը պատասխանեց. «Հավանաբար»:

 

«Փակ շուկայի պարագայում մշակույթի նախարարությունը ոչ մի համաձայնություն չի տվել, որևէ փաստաթուղթ ստորագրված չէ: Մշակույթի նախարարությանը կարելի էր մեղադրել, եթե նա իր ստորագրությունը դրած լիներ որևէ փաստաթղթի տակ: Չկան այդ ստորագրությունները: Մշակույթի նախարարությունն այսօր չունի տեսչական մարմին, և, կարծում եմ, նոր կառավարության օրոք ի վերջո դա կստեղծվի, այնպես, ինչպես ԽՍՀՄ տարիներին, երբ մշակույթի նախարարությունը լիազորություն ուներ բոլոր իրավապահ գործողություններն իրականացնել առանց որևէ տեղ դիմելու»,- ընդգծեց նախարարը:

 

Նրա կարծիքով՝ մշակութային ժառանգության հարցերում շատ բան ունենք անելու, և այստեղ կարևոր է նաև հանրության մասնակցությունը: