Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ, ապրիլի 24-ին, Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել անմար կրակի մոտ:

 

Տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արորողությանը մասնակցել են բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր, ինչպես նաև Հռոմի Պապի պատվիրակը:

 

Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում:

 

Նույն օրը երեկոյան ՍԱՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի կազմակերպած միջոցառմանը և ծաղկեպսակ զետեղել կաթողիկե եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ: