Թեեւ Հայաստանի նախագահի 2013 թվականի ընտրությունն ինքնին ակնհայտորեն իմաստազրկվել է եւ կորել է որեւէ ինտրիգ, այդուհանդերձ հետընտրական հնարավոր զարգացումները կարող են լինել բավական հետաքրքրական: Մասնավորապես, նախագահի ընտրությունից Հայ ազգային կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ Դաշնակցության հեռացումը առնվազն դե յուրե բերում է մի վիճակի, երբ փոխվում է քաղաքական ներկապնակի հարաբերակցությունը եւ երկրորդ քաղաքական ուժը:
Ամեն ինչ կախված է իհարկե այն բանից, թե ինչ տոկոս է նախընտրելու Սերժ Սարգսյանը: Որովհետեւ, եթե նախագահի ընտրությանը երկրորդ տեղում հայտնված գործիչը հավաքի ասենք 10-15 տոկոս, ապա դա իհարկե այդ գործչին ավելի հետ կմղի քաղաքական սանդղակում: Բայց, եթե օրինակ երկրորդ տեղում հայտնված գործիչը հավաքի ասենք 30-35 տոկոս, այստեղ պատկերը առնվազն դե յուրե դառնում է բոլորովին այլ:
Սերժ Սարգսյանը պետք է որ ձգտի գոնե թվաբանական տեսանկյունից ստանալ մրցակցային պատկեր եւ Արեւմուտքում ընկալվել այդպիսի ընտրությամբ հաղթած թեկնածու: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի շահից է բխում, եթե նախագահի ընտրության մասնակից այսպես ասած լուրջ թեկնածուներից որեւէ մեկը հավաքի առնվազն 30 տոկոս ձայն: Դա իհարկե շատ բարդ է, որովհետեւ այդպիսի թեկնածու թերեւս միայն Գագիկ Ծառուկյանն էր իր փողով: Բայց, իրավիճակն իհարկե անհույս չէ, եւ կան քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան առաջադրված թեկնածուներից կերտել «ուժեղ երկրորդ համար»:
Դրա հիմնական հավակնորդները թերեւս երկուսն են՝ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այստեղ օբյեկտիվորեն ուժեղ է Հովհաննիսյանը, քանի որ որպես քաղաքական ուժ մեծ է նրա համակարգային պոտենցիալը: Հովհաննիսյանը Ժառանգության հետ միասին ունի ընտրական մասնակցության ավելի մեծ փորձ, Ժառանգության թիմն է ավելի փորձառու: Թերեւս առավել քիչ ջանք կպահանջվի հենց Րաֆֆի Հովհաննիսյանին մոտ 30 տոկոսանոց երկրորդ տեղ հատկացնելու համար: Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ այդպիսով Ժառանգությանը փոխհատուցվի խորհրդարանական ավելի շատ տեղերի խոստումը, որ կարծես թե տրվել էր խորհրդարանի ընտրությանը բայց չիրականացվեց պահի հանգամանքներից ելնելով:
Բանն այն է, որ եթե նախագահի ընտրությանն արձանագրվի հենց այդ իրավիճակը, ապա փաստացի հող է ստեղծվում, որով Ժառանգությունը ԲՀԿ-ի հետ վիճարկում է երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը կամ դիրքը: Բավական է մի քանի հաջող հետընտրական հանրահավաք, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դառնալ ժողովրդական նոր առաջնորդ՝ նոր ստատուս-քվոյի պայմաններում: Դրանով, ներկայիս խորհրդարանը դե ֆակտո կդառնա «անվավեր», կրկին չհամապատասխանելով այսպես ասած իրական քաղաքական ստատուս-քվոյին: Այլ կերպ ասած, նախագահի ընտրության արդյունքն, ու հետընտրական որոշակի զարգացումները կընդգծեն խորհրդարանի ոչ լեգիտիմությունը ոչ միայն ընտրակեղծարարության, այլ նաեւ քաղաքական կազմի իմաստով:
Միեւնույն ժամանակ, կարող է ստեղծվել հետաքրքրական վիճակ այն առումով, որ Հայաստանում երկրորդ քաղաքական ուժը կլինի ռուսական ուղեծրից դուրս: Սա փաստացի աննախադեպ իրավիճակ է Հայաստանի նորագույն պատմության, անկախության համար: Ռազմավարական հզորություններով, տնտեսության «հսկիչ փաթեթով» Ռուսաստանից գրեթե միակողմանի կախվածության մեջ գտնվող պետության համար դա ռազմավարական խնդիր է, որովհետեւ երբ այդպիսի պետության մեջ ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմությունն է պրոռուսական եւ փորձում է հասարակությանը պահել այդ «գծի» մեջ, ապա կարելի է արձանագրել, որ այդ պետությունն անհույս է:
Հանրությանը «ռուսական գծին» կապող ընդդիմությունն իշխանությանը զրկում է արտաքին քաղաքականության եւ տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորությունից:
Նախագահի ընտրության արդյունքում հույս կա, որ Հայաստանում կարող է ձեւավորվել այսպես ասած ռազմավարական նշանակության քաղաքական ստատուս-քվո, որը օբյեկտիվորեն կարող է մեծացնել պետական ինքնիշխան քաղաքականության հեռանկարային հնարավորությունը: Սա իհարկե որակապես շատ հեռու է պահանջվածից կամ անհրաժեշտից, բայց գոնե ձեւի առումով կարող է լինել դրական տեղաշարժ, որը հանրությանը կտա որակական արդյունքի համար անհրաժեշտ մանեւրի առավել մեծ հնարավորություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ