Թուրքիայի հարավ արեւելքում գտնվող Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտ) վերջին հայերից մեկը' 84-ամյա Սըթքը Էքենը գտնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա' ապրիլի 24-ի կապակցությամբ նահատակների թոռներին ցավակցություն հայտնելու' երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը բավարար չէ: «Հայ ժողովուրդը ոչ մեկին վնաս չի տվել, բայց բազմաթիվ ցավեր է տեսել: Մենք Էրդողանից ոչ թե ցավակցություն ենք ուզում լսել, այլ' ներողություն», -ասել է նա: Այս մասին հայ տարեցն ասել է թուրքական DemokratHaber լրատվական կայքի հետ զրույցում:

 

Սըթքը Էքենը ծնվել է Դիարբեքիրի նահանգի Սիլվանի շրջանի Բաշըբույուք հայկական գյուղում: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գյուղի բնակչությունը հետագայում թուրքական իշխանությունների ճնշումների պատճառով գաղթել է Սիրիա, Եվրոպա, Ստամբուլ: Սակայն Էքենը գերադասել է մնալ իր գյուղում, որտեղ հետո քրդեր են սկսել բնակվել: Ամուսնացել է իր նման ծագումով հայ Բայզայի հետ: 1960 թվականից բնակվում է Դիարբեքիրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ տնակում: Նրանք զբաղվում են եկեղեցու մաքրությամբ:

 

Սըթքը Էքենը պատմել է, որ մինչեւ 30 տարեկան դառնալը բնակվել է քրդաբնակ Բաշըբույուք գյուղում եւ քրդերենը սովորել համագյուղացիներից, իսկ թուրքերեն սովորելէ բանակում ծառայելու ժամանակ: Հայ տարեցը զարմացած է, որ Թուրքիայում ոչ մեկը չի կարողանում ապրել եղբայրաբար: «Ինչո՞ւ այս երկրում բոլորը չեն կարող ապրել եղբայրաբար: Հուսադրողն այն է, որ այս երկրում այլեւս արյուն չի հոսում: Հայերն այս երկրի բնիկ տարրերից մեկն են: 1915 թ. իրադարձությունները մարդկային ամոթ են: Թուրքական իշխանությունները պետք է ներողություն խնդրեն հայերից, ոչ թե ցավակցու թյուն հայտնեն: Մենք մեր ցավերը մեր մեջ մշտապես հիշում ենք: Կարեւոր է, որ դա հիշեն նաեւ ուրիշները», -ասել է կյանքի վերջին շրջանն ապրող դիարբեքիրցի վերջին հայը: