«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը փակուղու առջև է կանգնած: «Մենք ունենք քաղաքական խորհրդարանական ընդդիմություն, որը վերջին փոփոխությունից հետո դեռ չի հայտարարել, թե հետո ինչ է անելու: Նրանց մինիմում ու մաքսիմում պահանջը մեկն էր' նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Հիմա երևի թե նոր մոտեցումներ, սկզբունքներ պետք է մշակվեն»,-լրագրողների հետ հանդիպմանը, ասաց Արամ Կարապետյանը:
Նրա կարծիքով' եթե Հայաստանի քաղաքական դաշտում որևէ էստրաօրդինար բան տեղի չունենա՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Եթե դու՝ լինելով ընդդիմադիր ուժ, պահանջել ես վարչապետի հրաժարականը, ներկայումս էլ կողմ չես նոր վարչապետի ծրագրին, ուրեմն պետք է պահանջես այն մարդու հրաժարականը, ով այդ ամենի պատասխանատուն է: Այդ ժամանակ կգա ճշմարտության պահը: Իմ կարծիքով' սրանով ամեն ինչ կսահամափակվի, ո′չ ՀՅԴ-ն, ո′չ ԲՀԿ-ն, եթե էքստրաօրդինար բան չլինի մեր քաղաքական դաշտում, Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջի»,-նշեց քաղաքական գործիչը:
Նա կոչ արեց Հայաստանի նախկին երկու նախագահներին հետևել Սերժ Սարգսյանի օրինակին ու հայտարարել, որ կհրաժարվեն ցանկացած տիպի պաշտոնից: «Իմ խորին համոզմամբ' Սերժ Սարգսյանը խելամիտ քայլ արեց' գնալուց հետո չվերադառնալու հայտարարությամբ հանդես գալով: Կոչ կանեի Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին էլ նույն հայտարարությամբ հանդես գալ, որ կհրաժարվեն ցանկացած տիպի' թե ընտրովի, թե նշանակովի պաշտոններից»,-ասաց Արամ Կարապետյանը: