Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար և տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի: Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, և նախարարությունում ձևավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ի վիճակի կլինի նոր նախարարի գլխավորությամբ լուծելու ոլորտի խ նդիրները:
Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ կառավարության ղեկավարն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: «Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որևէ օրենքի խախտում չլինի, և կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», - նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել: