Համացանցում տարածվել է ադրբեջանցի մոջահեդների Սիրիայում իրենց զոհերի գլուխները կտրելու տեսարանով հերթական տեսանյութը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությունը, սրբազան ջիհադի անվան տակ Սիրիա մեկնած Ադրբեջանի քաղաքացի մոջահեդները ակտիվորեն մասնակցում են սիրիացի ժողովրդի դեմ հանցագործություններին:

 

Գործակալությունը ձեռք է բերել մի տեսանյութ, որում Սիրիայի կառավարական ուժերի դեմ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցի վահաբի ջիհադականները կտրում են իրենց հակառակորդ «Թովհիդի բրիգադներ» կոչված իսլամիստական խմբավորման անդամի գլուխը' միաժամանակ կրկնելով «Ալլահու աքբար» եւ այլ արտահայտություններ Ղուրանից:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ-ի ընթացքում սպանված ադրբեջանցի մոջահեդների թիվն արդեն գերազանցում 80-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

 

Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ Ադրբեջանի միջեւ կապերը սկսվել են 1990-ականների սկզբին' ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհաջողություներ կրող եւ կորուստներ տալով հետ շարժվող ադրբեջանական բանակն ու երկրի ղեկավար Հեյդար Ալիեւը, փորձելով փրկել իրավիճակը, ԼՂՀ հայ բնակչության դեմ պատերազմում ներգրավել են միջազգային ահաբեկիչների եւ արմատական խմբավորումների անդամների Աֆղանստանից (Գուլբեդին Հիքմեթյարի խմբավորում), Թուրքիայից («գորշ գայլեր» եւ այլն), Չեչնիայից (Բասաեւ ի, Ռադուեւի խմբավորումները եւ այլն) եւ այլ շրջաններից:

 

Չնայած այն բանին, որ ադրբեջանական բանակի կազմում հազարավոր արտասահմանցի վարձկաններ եւ ահաբեկիչներ էին կռվում, ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ դեմ անհաջողությամբ ավարտվեց, եւ Բաքվի իշխանությունը հարկադրված զինադադար ստորագրեց ԼՂՀ եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Սակայն, այդ տարիներին միջազգային ահաբեկիչները անհրաժեշտ կապեր հաստատեցին Ադրբեջանի հետ եւ հարյուրավոր ադրբեջանցիների զինվորագրեցին ու ուղարկեցին Աֆղանստան եւ Հյուսիսային Կովկաս:

 

Սիրիայում կռվող ադրբեջանցիները ռազմական փորձ են ձեռք բերում, եւ Արցախի դեմ հնարավոր պատերազմի վերսկսման ժամանակ նրանք կարող են կռվել հայերի դեմ: Բացի այդ, ադրբեջանցիները նոր կապեր են ստեղծում մոջահեդների հետ, որոնք նույնպես կարող են ներգրավվել արցախցիների դեմ հավանական պատերազմին, ինչպես դա եղավ 90-ական թվականներին, եւ դա է պատճառը, որ ադրբեջանցի գրոհայինների մասնակցությունը Սիրիայում ընթացող ներքին պատերազմին շարունակվում է:

 

Jam.az լրատվական կայքը հայտնել էր, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) եւ «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարելու Ադրբեջանում: