Թուրք հետազոտող, Ստամբուլի Բողազիջի համալսարանի ասպիրանտ Մեհմեթ Փոլաթելը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության եւ Թուրքայի Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանների վերաբերյալ փաստաթղթերը թուրքական արխիվներում կամ փակ են, կամ' ոչնչացված, կամ էլ' չդասակարգված: Մեհմեթ Փոլաթելն այս հայտարարությունն արել է ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից ամեն պատեհ առիթի չարչրկվող այն պնդմանը, թե Հայոց ցեղասպանության հետազոտությունների համար թուրքական բոլոր արխիվները բաց են:
«Ասվում է, որ Գլխավոր շտաբի արխիվները բաց են, բայց գործնականում դրանք փակ են: Խնդիր է առաջանում նույնիսկ բաց արխիվներում, քանի որ դրանցում փաստաթղթերը կամ դասակարգված չեն, կամ էլ ընդհանրապես բացակայում են: Կան հեռագրերը, բայց պատասխանները բացակայում են: Շատ փաստաթղթեր բացակայում են նույնիսկ բաց արխիվներում», -ասել է թուրք ասպիրանտը, ով դոկտորական ատենախոսություն է գրում Օսմանյան կայսրության շրջանում հայերի բռնագրավված ունեցվածքի եւ հողային պահանջատիրության թեմայով:
Նրա խոսքով' այն, որ որոշ արխիվներ բաց են, չի նշանակում, որ այնտեղ պահպանվել են բոլոր փաստաթղթերը: «Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Հանրապետության շրջանի արխիվներում հայկական հարցի հետ կապված փաստաթղթերը կամ ոչնչացվել են, կամ էլ' գաղտնագրվել: Նահանգապետերին, նրանց տեղակալներին ուղղված հեռագրերը կան, բայց պատասխանները չկան, ինչը էականորեն բարդացնում է հետազոտողների աշխատանքը: Ռազմական արխիվները փաստացի փակ են, քանի որ որեւէ փաստաթղթի հետ ծանոթանալու համար պետք է ստանալ ինչ-որ մարդկանց թույլտվությունը, ովքեր որոշում են, թե դÕ ¡ կապ ունի հայտում ներկայացված ուսումնասիրության վերնագրի հետ, թե ոչ: Հնարավոր է' վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո դրանք բացվեն: Բացի այդ, ռազմական արխիվներն ամբողջությամբ դասակարգված չեն, կատալոգների համակարգը, փաստաթղթերի կրճատ բովանդակություններն ու անվանունները փակ են հասարակության համար: Օսմանյան կայսրությանը վերաբերող շատ փաստաթղթեր անհայտ պատճառով պահվում են ռազմական փակ արխիվներում» -ասել է թուրք ասպիրանտը: