Երևան քաղաքի Իսահակյան-Կորյունի փողոցների միջանկյալ՝ Գ. Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում, Երևանի ավագանու որոշմամբ' կտեղադրվի խորհրդային տարիներին հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Հասարակության լայն շերտերում ավագանու որոշումը միանշանակ չընդունվեց, քննադատությունները զանգվածային բնույթ կրեցին, տարածում գտավ նաև փաստաթուղթ՝ Անաստաս Միկոյանի մակագրությամբ, որով վերջինս խնդրում է Ստալինին Հայաստանում գնդակահարվող անձանց թիվը 700-ով ավելացնել:
Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ այդ կերպ Հայաստանում խրախուսվում է մատնության մշակույթը:
«Կարելի՞ է օտարերկրյա տերերի հանդեպ իրենց վերաբերմունքը և հնազանդությունը ցույց տալու համար սեփական ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել: Վերակենդանացնում են մատնության մշակույթը, վերակենդանացնում են Ռուսաստանի առջև ծառայություն մատուցած և հայ ժողովրդին վնասված մարդկանց և դնում են որպես ի ցույց՝ այսօրվա գործիչներին խրախուսելու, այսօրվա գործիչների կողմնորոշումն արդարացնելու համար»:
Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ ուղղորդված ճնշում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար, ովքեր պայքարում են ՄՄ-ին միանալու անթույլատրելիության համար: Այս համատեքստում Միկոյանի արձանի տեղադրումը շատ հետաքրքիր նյուանս է:
Հարցրինք նաև, հնարավո՞ր է քննադատությունների դաշտը վիրտուալից տեղափոխվի փողոց, որպեսզի թույլ չտան արձանը տեղադրվի, մեր զրուցակիցը չբացառեց: Նա նկատեց նաև, որ մենք ունեցել ենք նախադեպեր, երբ արձանները հանվել են, միտումնաբար փչացվել են: Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ պետք է ի սկզբանե չտեղադրել. «Եթե լռելյայն տեղադրեն, սկսվելու է հանելու պայքարը»:
Ավագանու նիստում չորս հոգի է դեմ քվեարկել որոշմանը' «Բարև Երևան» խմբակցության ներկա երեք անդամներն ու Հանրապետական խմբակցությունից Հայկ Դեմոյանը, ով ղեկավարում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Հաշվի առնելով ավագանու միանվագ որոշումը' հարցրինք արդյո՞ք սա ավագանու ինստիտուտի թույլ զարգացման հետևանք է, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ամբողջ իշխանական վերնախավը ենթարկվում է այլ պետության պահանջներին: Միկոյանի արձանի տեղադրումը Ռուսաստանից ուղղորդված գործողություն է: Անկախ Հայաստանում սովետական գործիչներից մեկի արձանը տեղադրելը, հիշողության վերականգնում է և միևնույն ժամանակ այլախոհության ճնշման մեխանիզմների վերակենդանացում»:
Ստորև ներկայացված է այն փաստաթուղթը, որով Անաստաս Միկոյանը խնդրում է Ստալինին՝ Հայաստանում գնդկահարվող անձանց թիվը 700-ով ավելացնել: