Հայաստանում այս տարի սեղանի սորտի խաղողի բերքի պակաս չի լինի: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ ներկայացնելով մարտի վերջին և ապրիլի սկզբին գրանցված ցրտահարության հետևանքները: «Ցրտահարության հետևանքով վնասվել են խաղողի սեղանի սորտի որոշ տեսակներ: Մասնավորապես, վնասվել էին որոշ տեսակների բացված բողբոջների կենտրոնական աչքերը, սակայն հիմա արդեն սկսել են բացվել փոխարինող բողբոջները, և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մենք խաղողի բերքի պակաս առնվազն չենք ունենա»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ագրոտեխնիկական անհրաժեշտ միջոցառումների իրականացման դեպքում կարելի է բավականին բարձր խաղողի բերք սպասել:
Փոխնախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ խաղողի տեխնիկական սորտերը ցրտահարության հետևանքով չեն վնասվել, և ակնկալվում է բարձր բերք: «Վնասվել են միայն խաղողի սեղանի սորտի որոշ տեսակներ, սակայն սա էլ պայմանական է, քանի որ խաղողի վազն արագ վերականգնվելու ներուժ ունի, և փոխարինող աչքերի վրա բացված բերքը կարող է լրացնել հնարավոր կորուստները»,- ասաց Պետրոսյանը: