Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի և Մովսես. այս գյուղերում ամեն ոք է սահմանապահ՝ ամենամեծ գյուղացուց մինչև ամենափոքրը: Այնտեղ բնակվող յուրաքանչյուր մարդ հերոս է սահմանին կանգնած զինվորի պես: Տարբերությունը մեկն է. թշնամու արձակված գնդակն առաջինն անցնում է սահմանին կանգնած զինվորի կողքով, թեև թիրախը ոչ միշտ է նա լինում:
Թշնամու կրակոցների ձայնը հնչում է գյուղի բոլոր, անգամ ամենախուլ անկյունում, բայց վախեցող չկա, և հարազատ հողը լքելու ցանկություն գյուղացիներից շատերը հաստատ չունեն: Այն, որ այդ կրակոցներից բոլորն են հոգնել' հաստատ է, բայց և գնալու միտք էլ չկա. «Որ մենք գնանք, բա էս գյուղերն ո՞վ է պահելու և պաշտպանելու»,- ասում են գյուղացիները:
Սահմանամերձ գյուղերում մեծացող յուրաքանչյուր երեխա ունի մեկ և անփոփոխ երազանք. զինվոր են ուզում դառնալ' թշնամուն համարժեք պատասխան տալու համար: Լավ մասնագետ դառնալու երազանք էլ ունեն, բայց առաջնայինը հայրենիքին պաշտպան կանգնելն է:
Թշնամու գնդակից պաշտպանվելու կանոնները գյուղում շատ հստակ է դրված և դրանք անգիր գիտի յուրաքանչյուր ոք:
Սահմանին առավել մոտ գտնվող Այգեպար գյուղում ապրող փոքրիկ Կարոն համոզված է' թուրքերը վախից են կրակում, իսկ որ իրենք՝ այգեպարցիք, անվախ են, հաստատ է:
Նույն գյուղում ապրող 8-ամյա Էրիկը և 7-ամյա Նարեկը դեռ չեն որոշել' մեծանան ինչ են դառնալու, բայց ունեցած երազանքը շատ անկեղծ է ու մեկը. ուզում են, որ թուրքերն այլևս չկրակեն:
«Ուզում եմ զինվոր դառնալ, որ թուրք սպանեմ». այս բառերը կարելի էր լսել սահմանամերձ գյուղերում ապրող գրեթե բոլոր երեխաների բերանից:
Գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողը, այդ հատվածների մեծ մասն անմիջապես թշնամու դիտակետում է: Այգեպարում գտնվելուս օրն էլ հակառակորդը խախտեց հրադադարի պահպանման ռեժիմն' իրեն թիրախ ընտրելով դաշտում աշխատող տրակտորը, բարեբախտաբար, գյուղաբնակները չտուժեցին:
Թեև գյուղի երիտասարդության թիվը փոքր է և շատերը աշխատանքի բացակայության պատճառով են լքում հարազատ տունը, այնուամենայնիվ, այնտեղ ծնվող և մեծացող երեխաներն իրենց հողի և հայրենիքի պաշտպանն են:
Ազատուհի Արասխանյան