Հանրակրթական տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, տնօրենների պաշտոնակատարներ մայիսի 8-ին հավաքվել էին Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում' մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննություններին: Քննություններն անցկացվում են երկու փուլով' բանավոր և գրավոր:

 

Միջոցառման մեկնարկին ուսումնական հաստատություն այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Աշոտյանը մասնակիցներից հետաքրքրվեց' արդյոք նրանք որևէ դժգոհություն ունե՞ն քննության և հարցաշարարերի վերաբերյալ: Դժգոհություններ չհնչեցին: «Պատասխաններն ամեն դեպքում չենք տա, որպեսզի դուք ինքնուրույն աշխատեք»,-մասնակիցներին զգուշացրեց Արմեն Աշոտյանը:

 

ՀՀ ԿԳ նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ քննական այս մեխանիզմը գործում է արդեն մի քանի տարի: «Հարյուրավոր և հազարավոր հավակնորդներ հաջողությամբ հանձնում են քննությունները, սակայն մեծ է նաև կտրվողների թիվը: Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավակնորդների 20 տոկոսը չի հաղթահարում կամ գրավոր, կամ բանավոր փուլը: Քննությունների օբյեկտիվությունից մենք դժգոհություններ չենք ունեցել: Անգամ եթե հավակնորդը դժգոհում է և բողոքարկում, մենք վերլուծում ենք իր աշխատանքը: Գրավորն' ըստ գրավորի, իսկ բանավոր քննությունը ձայնագրվո ւմ է, և շատ հեշտ կարելի է հասկանալ ամեն ինչ: Դեպքեր, իհարկե, եղել են, երբ հանձնաժողովը վերանայել է իր որոշումը»,-ընդգծեց նախարարը:

 

Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենք ամեն տարի բարդացնելու են քննությունների բովանդակությունը և լինելու են ավելի խիստ ու պահանջկոտ: «Դպրոցում պետք է աշխատեն լավագույն մասնագետները»,-համոզված է Աշոտյանը:

 

ԿԳ նախարարի խոսքով, քննություններին ոչ հաջող մասնակցելու հետևանքով այս տարիների ընթացքում 200-ից ավելի տնօրեն փոխվել են: Հարցաշարերում ընդգրկված են հարցեր մանկավարժությունից, կառավարման հմտություններից, օրենսդրական դաշտից, ստուգվում են նաև տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները: «Հանձնաժողովի անդամները բանավոր քննությանը տալիս են նաև իրավիճակային հարցեր, որպեսզի տնօրենն անգիր չպատասխանի, իմանա տեսական նյութը և կոնկրետ օրինակում իրեն դրսևորի»,-հավելեց Աշոտյանը:

 

Օգտվելով առիթից, ԿԳ նախարարն Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի աշակերտների հետ զրուցեց նոր համակարգչային լսարանի, դասագրքերի, ընդունելության քննությունների վերաբերյալ: Նախարարը երեխաներին կոչ արեց արագ լրացնել ընդունելության քննությունների հայտերը, քանի որ շուտով ավարտվում է հայտ լրացնելու վերջնաժամկետը: