Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորների հաջողությունն այն է, որ նրանք գործել են խելացի, այլապես միայն դիվանագիտությամբ հնարավոր չէր հետ վերցնել հայկական հողերը: Իսկ Շուշիի ազատագրումը ռազմավարական գործողություն էր, որը ցույց տվեց հայի ռազմական մտքի ճկունությունը:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: Նա շեշտեց, որ Շուշիի ազատագրումը հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկն էր: «Մենք մի քիչ թերագնահատում ենք հայի ռազմական մտքի ունակություններ: Շուշիի գործողությունն ընդգրկել է Մեղրիից մինչ Նոյեմբերյան, և բոլոր գործողությունները իրար հետ կապված են եղել: Թշնամու ուշադրությունը շեղելու ցանկացած գործողություն, ցանկացած դիվերսիա մեզ հնարավորություն է տվել հակառակորդի մեջ խուճապ առաջացնել և նրանց կամավոր դուրս բերել Շուշիից։ Դա չափազանց լավ կազմված ռազմավարական գործողություն էր, որ պսակվեց հաջողությամբ։ Շուշիի ազատագրումից հետո մենք ունեցանք կայուն զինված ուժեր»,- ասաց Վարդանովը։

 

Անդրադառնալով Շուշիի գործողությանը՝ Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, ազատամարտիկ Տիգրան Խանումյանը հիշեց, որ այդ ժամանակ երազում էին բարձրանալ Շուշի: «Շուշին այն բերդաքաղաքներից էր, որ անպայման պետք է ազատագրեինք, քանի որ այդտեղից հակառակորդը շատ էր ռմբակոծում Ստեփանակերտը: Ազատամարտիկը ուրախությամբ նկատեց, որ այսօր երիտասարդները ոգևորված են Շուշիի ազատագրմամբ: