Արցախի ազատագրված տարաքները վերաբնակեցնելուց և ուժեղ պետություն ստեղծելուց հետո միայն մենք կարող ենք խաղաղությամբ լուծել հակամարտության հարցը։ Իսկ այն, որ միջազգային կառույցները խոսում են ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին, երբեք չի կարող իրականանալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի երեկվա հայտարարությունների մասին, թե ազատագրված վեց տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: «Իրենց ասելիքը քիչ բան է նշանակում: Իրենք էլ գիտեն, որ իրենց ասածների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Մենք երբեք այդ տարածքները չենք հանձնի, որովհետև այդ տարածքները հանձնելուց հետո կհանձնվի նաև Ղարաբաղը, իսկ Ղարաբաղի հանձնվելուց հետո՝ Զանգեզուրը: Երբեք թույլ չեմ տա, որ իմ ժառանգները կտրվեն այդ հողից: Ո՞վ է այդ երկգլխանին, որ կհանձնի այդ հողերը»,- ասաց Վարդանովը։ Նա համոզմունք հայտնեց, որ ազատագրված տարածքները պետք է անպայման վերաբնակեցվեն։

 

Նրա խոսքը լրացրեց ազատամարտիկ-հետախույզ, «Տիգրան Մեծ» զորամիավորման հրամանատար Սուրեն Կարապետյանը, ով ցավով նշեց, որ Հայաստանը վերջին շրջանում փոխզիջումների քաղաքականություն է վարում և ամեն հարցում գնում փոխզիջման: «Նախ պետք է հենց ազատամարտիկներին հարցնել՝ համաձա՞յն են հանձնել այն տարածքները, որ իրենց արյան գնով են պաշտպանել։ Մենք ենք ազատագրել այդ հողերը, մենք էլ պատասխանատու ենք դրանց համար։ Պետական մարմինները թող առաջ տանեն քաղաքական գործերը, իսկ ազատագրած շրջաններին թող ոչ ոք չդիպչի։ Մենք դեռ էլի ազատագրելու շրջաններ ունենք։ Դեռ չորս շրջան ունենք հանձնված՝ Գետաշենը, Շահումյանը, Արծվաշենը և, իհարկե, Նախիջևանը»,- հիշեցրեց նա։

 

Շուշիի ազատագրման անմիջական մասնակից ազատամարտիկ Տիգրան Խանումյանն էլ նշեց, որ իրենք Արարատի մյուս կողմում գտնվող հայկական հողերն էլ հետ վերցնելու հույս ունեն: