Մենք Թուրքիայի թշնամին չենք: Ուզում ենք, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր լինի: Եվրամիության կազմում լինելու համար Թուրքիան պետք է կարգավորի հայկական, կիպրական եւ քրդական հարցերը: Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» թերթը, այդ մասին Ստամբուլում կազմակերպված «Արդարություն եւ իրավական պետություն» միջազգային գիտաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Եվրախորհրդարանի սոցիալիստների եւ ժողովրդավարների խմբի ղեկավար Հաննես Սվոբոդան:

 

Ելույթում Սվոբոդան քննադատել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը որոշ ոլորտներում վերահսկողություն սահմանելու շուրջ արտոնություններ տալու օրենսդրական փոփոխությունը, ինչպես նաեւ դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո զարգացումներն այդ երկրում:

 

«Մենք Թուրքիայից ուզում ենք, որ կարգավորի հայկական, կիպրական եւ քրդական հարցերը: Լավ քայլերի հետ վարչապետ Էրդողանը հաճախ նաեւ հետքայլեր է կատարում: Ժողովրդավարական քննարկումները Թուրքիայի առաջ կբացեն դեպի Եվրամիություն ճանապարհը: Մենք Թուրքիային Եվրամիության կազմում ցանկանում ենք տեսնել որպես ուժեղ, ժողովրդավարական, դաշնակից երկիր», -ասել է Հաննես Սվոբոդան:

 

Գիտաժողովում ունեցած ելույթում ԱՄՆ-ի հյուպատոս Չարլզ Հանթերն էլ զգուշացրել է, որ Թուրքիայում դատարանների ազատ չլինելու ընկալումը վնաս է հասցնում դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությանը: