ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա առթիվ: Գագիկ Ծառուկյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի հայրենակիցներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսյան հաղթանակները խորհրդանշող այս օրը հիրավի հայ ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է, քանի որ մեր բազմաթիվ հայրենակիցների հերոսական պայքարի, կամքի ու մաքառման գնով հնարավոր եղավ ապահովել մեր հայրենիքի խաղաղ ու անվտանգ գոյությունը:

 

Ֆաշիզմի դեմ տարած հերոսական հաղթանակը սերունդների համար դարձավ ոգեշնչման և ընդօրինակման անսպառ աղբյուր: Արդեն 1992-ին Մեծ հայրենականի հերոսների սխրանքը կրկնեցին Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսները՝ ազատագրելով թշնամուց պատմական Շուշին:

 

Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար և մենք պետք է սրբությամբ պահենք ու պահպանենք իրենց կյանքը անմնացորդ նվիրաբերած հերոսների անմահ հիշատակը:

 

Մենք խոնարհվում ենք Մեծ հայրենականի և արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցների ու վետերանների առջև, ովքեր իրենց հերոսական պայքարի, կյանքի ու անկոտրում կամքի շնորհիվ կերտեցին այսօրվա խաղաղությունը: Սիրելի վետերաններ և ազատամարտիկներ, կրկին ու կրկին շնորհավորելով այս փառապանծ օրվա կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, մեր պետությանն ու ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: