Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կիևի ողբերգական իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակողը «Բերկուտի» հատուկջոկատայինները չեն եղել։ Այս եզրակացությանն է հանգել Գերագույն ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովը:

 

«Ցուցարարների վրա կրակ կարող էին բացած լինել վերահսկողությունից դուրս կազմակերպությունները։ Դեռ չեմ կարող հստակ ասել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը, սակայն այդ ժամանակ առաջին կրակոցն արձակվել է հենց ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ»,-հայտնել է Գերագույն ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովի նախագահ Գենադի Մոսկալը։

 

Նա նաև նշել է, որ չի բացառվում և վարկածը, որ կարող էին կրակած լինել ինչպես Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության կամ ՆԳՆ-ի աշխատակիցները, այնպես էլ նրանց կողմնակիցները՝ ակտիվիստների անվան տակ։

 

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ստեղծվել է քննելու իրավապահ մարմինների և առանձին անհատների գործողությունները 2013 թվականի նոյեմբերի 21-ից Ուկրաինայում սկսված հասարակական-քաղաքական ցույցերի ընթացքում։