ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ստուգայցեր է կատարել տարբեր դպրոցներում, և պարզվել է, որ վերջին 10 օրվա մեջ աշակերտների հաճախումները նվազել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց, որ այս տարի դպրոցն ավարտում է 38 հազար շրջանավարտ:

 

«Պատճառաբանությունները տարբեր են' պատրաստվում ենք «վերջին զանգի», սցենար ենք գրում և այլն: Ես էլ եմ եղել աշակերտ, մենք էլ ենք այդ բացատրությունը տվել մեր վերադասներին: Ամեն դեպքում, ուսումնական տարին չի ավարտվել: Խնդրում եմ լավ պատրաստվեք քննություններին, զերծ մնացեք անհարկի ճոխություններից, անճաշակություններից և պատանեկան տարիքին ոչ հարիր դրսևորումներից»,-նշեց Արմեն Աշոտյանը' դիմելով շրջանավարտներին:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի կարծիքով' տոնական միջոցառումներն արգելելն աբսուրդ է: «Ես մարդկային տեսակետից հասկանում եմ, որ 12 տարի իրար հետ սովորած մարդիկ ցանկանում են իրար հետ նշել կյանքի այդ կարևոր փուլը: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Դեմ չեմ, որ դասղեկին, տնօրենին ինչ-որ նվեր տան, բայց անպայման չէ, որ այդ նվերը լինի երկու կամ երեք զրոներով արտասահմանյան տարադրամ: Նման դրսևորումները վերջին զանգը հիշվող չեն դարձնում: Ծնողներին հորդորում եմ հետևել երեխաների անվտանգությանը: Մենք արդեն ոստիկանության հետ պայմանավորվել ենք, որ իրենք շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնելու մեր շրջանավարտներին»,- նշեց Աշոտյանը:

 

Նախարարը հավելեց, որ Երևանի քաղաքապետը շրջանավարտներին նվեր կմատուցի տոնական համերգի տեսքով: «Ամեն ինչ իր հունով կգնա: Ուզում եմ, որ յուրաքանչյուր շրջանավարտ «վերջին զանգից» ունենա միայն բարի հիշողություններ, ոչ թե պարտք փակի կամ հիվանդանոց ընկնի»,- հավելեց Արմեն Աշոտյանը: