Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր հանդիպեց լրագրողների հետ:

 

Աբրահամն անդրադարձավ Ռոբերտ Շտիգլիցի և Սյեկլոչայի դեմ մենամարտերին:

 

«Շտիգլիցի դեմ մենամարտը շատ ծանր էր: Կարողացա նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը. դա ինձ համար շատ կարևոր էր: Ուրախ եմ նրան հաղթելու համար»,- ասաց Աբրահամը:

 

Խոսելով Սյեկլոչայի դեմ մենամարտի մասին` Աբրահամը նշեց. «Սյեկլոչային տեխնիկական հնարամտությամբ, հայկական դպրոցի շնորհիվ փորձեցի խորամանկ կերպով հաղթել: Շտիգլիցի դեմ մենամարտից հետո աջ ձեռքի վնասվածք ունեի, դրա համար Սյեկլոչայի դեմ մենամարտում ձախով էի մենամարտում: Մինչև հիմա էլ աջ ձեռքս ցավում է: Մարտի ժամանակ մրցակիցը չգիտեր վնասվածքի մասին, եթե իմանար, ինձ համար դժվար կլիներ»:

 

Բռնցքամարտիկն անդրադարձավ նաև առաջիկայում կայանալիք մենամարտերին և ասաց, որ մինչ տարեվերջ երկու մենամարտ է նախատեսում. «Մինչև տարեվերջ ցանկանում եմ երկու անգամ մենամարտել՝ օգոստոսին և դեկտեմբերին, տեսենենք` ինչպես կստացվի: Դեռևս մի քանի օր էլ կմնամ Հայասատում: Հավանական մրցակիցները դեռևս հայտնի չեն: Առաջարկներ միշտ էլ ԱՄՆ-ից լինում են, սակայն ես դեռ լինելու եմ Գերմանիայում»: