ԽՍՀՄ հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը' Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, որի շրջանավարտն է եղել Վարդանյանը: Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը:

 

Միջոցառումը կազմակերպել են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և ԵՊԼՀ շրջանավարտ Գոհար Վարդանյանը:

 

Միջոցառմանը ներկա կլինեն Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր (ԵՊԼՀ) Գայանե Գասպարյանը, ով Գոհար Վարդանյանին կշնորհի ոսկե մեդալ' հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

 

Միջոցառման շրջանակներում կկայանա նաև Գևորգ և Գոհար Վարդանյանի անվան ռազմահայրենասիրական կենտրոնի բացման արարողությանը:

 

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և այլ ականավոր հյուրերի:

 

Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924 թվականին փետրվարի 17-ին Դոնի Ռոստովում։ 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ։ Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզությանը կապեց Գևորգ Վարդանյանը։

 

1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

 

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանի հետ է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

 

1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։

 

Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986թ։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։