Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 20 մլն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որի կամայական գործողությունների արդյունքում Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները զրկվել են էլեկտրամատակարարումից և կոմունալ հարմարություններից: ՏՄՊՊՀ նիստի ժամանակ հանձնաժողովի վերլուծության վաչության մասնագետ Դավիթ Փինաչյանը ներկայացրեց գործի էությունը' նշելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են դեռևս չորս տարի առաջ և շենքը հանձնվել է շահագործման, սակայն էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում։ «Բնակիչները դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:

 

Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը հանդիսանում է ՀԷՑ-ը: Հետևաբար, հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինս իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը»,- ասաց Փինաչյանը: Նա հավելեց, որ հանձնաժողովի պահանջով «ՀԷՑ»-ը ներկայացրել է պարզաբանումներ խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի՝ «Միլլար» ՍՊԸ-ի հետ։ «Ըստ ՀԷՑ-ի վերջինիս հետ արդեն կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով՝ գործն ավարտին չի հասել։ Մասնավորապես ՀԷՑ-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է, որ կառուցապատողն իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ»,- ասաց Փինաչյանը:

 

Նիստին ներկա էին նաև շենքի բնակիչները, որոնք հանձնաժողովին տեղեկացրին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջարկել է, որ բնակիչները վճարեն կառուցապատողի պարտքը, որից հետո նրանց էլեկտրաէներգիայի մատակարարումը կկազմակերպվի: Բնակիչների ներկայացրած խնդրին ի պատասխան, «ՀԷՑ»-ի ներկայացուցիչ Հովհաննես Պետրոսյանը նշեց, որ ընկերությունը հարցը ներկայացրել էր Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով, որն էլ որոշում էր կայացրել բնակիչներից հավաքագրել միացման վճարները։

 

Ամփոփելով նիստը՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, նախկինում ևս ՀԷՑ-ը հայտնվել է վարչական տարբեր վարույթներում, սակայն տրվել է խիստ նախազգուշացում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնության դեպքում կկիրառվի տուգանք։ «Հանձնաժողովը հանգեց այն եզրակացությանը, որ ՀԷՑ-ի գործողությունները չեն բխում օրենքից: Եթե անգամ շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտավորությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ, նման բան որևէ իրավական ակտով ամրագրված չէ: Հարկ է նշել, որ 2010-ին «Միլար» ՍՊԸ-ի և «ՀԷՑ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, շենքի էլեկտրամատակարարումը պետք է ավարտվեր դեռևս 2011 թվականին, ինչը փաստացի չի կատարվել: Հետևաբար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարքագիծը բնությագրվում է որպես մենաշնորհային և այն տուգանվում է 20 մլն դրամով»,-ասաց Շաբոյանը: Նա հանձնարարեց ընկերությանը յոթօրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր և նրանց ապահովել էներգամատակարարմամբ: