Հայաստանում պաշտոնի նշանակման և ազատման գործընթացը որևէ օրինաչափության չի ենթարկվում: Բավական է որևէ կերպ խցկվել պետական կառավարման ապարատ և «բաց է ճամփան հաջողությանց». քեզ ցմահ քարշ են տալիս պաշտոնից պաշտոն, ընդ որում, բոլորովին կարևոր չէ, թե քո մասնագիտական կարողությունները առավել են, թե զիջում են նախորդին: Կարևորը, որ պաշտոնյան մի քանի կուսակցություն փոխած լինի և ամենավճռական պահերին իր առաջնորդին դավաճանելու ունակություններ ունենա:
Մենք պարբերաբար կանդրադառնանք օրգանիզմում դեգերող աղերի նման կառավարման համակարգում թափառող պաշտոնյաներին, հասկանալու համար, թե ինչու համեմատաբար նոր դեմքերը արտագաղթում են՝ համապատասխան աշխատանք չգտնելու «դարդից», իսկ ծերակույտը ցմահ խարիսխ է նետել իշխանության կառամատույցում:
Հայաստանյան կառավարման դաշտը արդեն երկար տարիներ անմոռունչ հերկում է մի անձ՝ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանը, ում կենսագրությունը թերի կլիներ, եթե նախկին ՕԵԿ-ական չլիներ: Ունենալով բավականին «համեստ» կապիտալ (իհարկե, ըստ հայտարարագրերի)՝ երկու բնակարան, ավտոկանգառ, ավելի քան 8 մլն դրամի բաժնետոմսեր, ինչպես նաև՝ երկու հողամաս, սույն պարոնը, կրկին ըստ հայտարարագրերի, բավականին հարուստ է: Օրինակ՝ 2011թ. նա ունեցել է 30 մլն դրամ, 6 հազար 450 եվրո և 705 հազար 920 դոլար, իսկ ահա 2012թ. այդ ունեցվածքն ավելացել է՝ դառնալով 54 մլն դրամ, 8200 եվրո և 750 հազար դոլար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայաստանյան հայտարարագրերում արտացոլված է բացառապես պաշտոնյաների թեյավճարները՝ հասկանալի է դառնում, թե ինչպիսի «յուղոտ» տղայի հետ գործ ունենք: Իսկ այն, որ իշխանության մեջ ցմահ մնալու իր իրավունքը նա վաստակել է «ազնվորեն», մեզ հուշում է նրա կենսագրության փոքրիկ դրվագը:
1985-1992թթ. նա զբաղեցրել է «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը։ Հավանաբար չի հավատացել ԽՍՀՄ փլուզմանը, հոգում կրել է Կոմկուսի անդամատոմսը և միայն 1992-ին է ինքնզինքը կմճտել՝ սթափվելով և մեկնելով արտագնա աշխատանքի՝ խոպան: Դրանք 1992-1994 թվականներն էին՝ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածը, երբ ապագա իշխանավորն ու հոգով նժդեհականը Ռուսաստանում զբաղվում էր առևտրային գործունեությամբ և, ինչպես այդ տարիների բոլոր ռոմանտիկները, կիթառ էր նվագում շիկահեր գեղեցկուհի Օլյայի համար։ Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ կնքվել էր հրադադարը, և անմիջապես աշխատել է որպես «Հայինկոմսպասարկում» ՊՁ տնօրեն։
Ինչպես բարի հեքիաթներում՝ նա կարողացավ ՕԵԿ դրոշի տակ մխրճվել իշխանության շարքերը և հետագայում դառնալ նժդեհական՝ Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիրացմանն ընդառաջ: Երկար տարիներ զբաղեցնելով նախարարական պաշտոններ՝ իր ուրույն ներդրումն ունեցավ ընդերքի բռնաբարման և սեփական կապիտալի ընդլայնման գործում:
Սակայն իշխանությունը երբեք չի մոռանում իր ձախողված կադրերին: Այժմ նա Կոտայքի մարզպետն է: Ըստ էության՝ սա պատիժ է նախկին նախարարին, որովհետև նախարարի բարձր պաշտոնից տեղափոխվել է մարզպետի «խղճուկ» աթոռին: Հետաքրքիր է՝ եթե նա տապալել է իր ղեկավարած ոլորտը և արժանի չի համարվել՝ շարունակելու պաշտոնավարումը, ինչու՞ է համապատասխան ատյաններում պատասխան տալու փոխարեն հայտնվել մարզպետի աթոռին: Այս մասին կփորձենք տեղեկանալ առաջիկա լրագրողական հետաքննությունների ընթացքում...
Բարի վայելում...