«Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մայիսի 22-ին հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում: Երեկոյի ընթացքում Սերգեյ Սմբատյանի ղեկավարության ներքո Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա մենակատարներ Մարկ Բուշկովի (ջութակ), Հրաչուհի Բասսենցի (սոպրանո) և Յուրի Վլասովի (բաս) հետ: Համերգային ծրագիրը ներառում է Ա.Պետրովի, Յ.Սիբելիուսի, Ջ.Վերդիի, Ալ.Բորոդինի և Վ.Ա.Մոցարտի ստեղծագործությունները:

 

1996 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգում է հյուրընկալում միջազգային խոշորագույն մրցույթների նորաթուխ դափնեկիրներին: «Երաժշտական Օլիմպոս»-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում երաժշտական արվեստի բոլոր սիրահարներին ուկնդրելու լավագույններից լավագույն երիտասարդ կատարողներին և ծանոթանալու կատարողական արվեստի այսօրվա մակարդակին և դրա զարգացման միտումներին: