Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համոզված է, որ իշխանությունները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից չեն հրաժարվի և ամեն ինչ կանեն՝ համակարգն ամեն գնով գործի դնելու համար։
«Հովիկ Աբրահամյանը հրապարակում է, որ պարտադիրը չկա, ճի՞շտ է։ Հիմա բոլոր հիմնարկներում, համայնքներում ասել են, որ եթե պարտադիրը չմուծեք, մի նայեք ԱԺ-ում ինչ ղժղժոցա, թե ով ինչ հայտարարություն է անում՝ կապ չունի, որոշումներով պարտադիր բոլորը մուծում են։ Այնպես որ 127 000 հոգի մուծել են, 127 000-ն էլ դեռ կմուծեն մինչև սեպտեմբեր, որովհետև իրենց խնդիրն է, մինչև սեպտեմբեր 30-ը 200 000 մարդ մտնի այս համակարգի մեջ՝ ծեծելով, ստիպելով պետք է մտցնեն, որպեսզի համաշխարհային բանկին ասեն, որ այս ռեֆորմն իրականացրել ենք ու այդ ռեֆորմի արդյունքում նոր գումարներ ստանան»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը։
«Կթպրտա միայն նա, ով համարձակ է, ուժեղ է, կամ գիժ է»,-նշեց Մանուկյանը։
Դիտարկմանը, թե ամեն դեպքում, հաշվի առնելով «Դ!ԵՄ ԵՄ» շարժման դիմադրությունը, նույն «թպրտացողների» թիվը մեծ կլինի, Արամ Մանուկյանը հակադարձեց. «Իհարկե ոչ, շատ քիչ կլինեն։ Հիմա աշնանը, որ գումարները եկան, քանի՞ հոգի են կանգնելու՝ ասեն, որ ինձանից պահած գումարները տվեք՝ մաքսիմում 30-40 հոգի։ Իրենց հաշվարկը սրա վրա է։ Ասում է, թող դիմում գրի, որ ինքը չի մտնում համակարգի մեջ, մենք էլ ասում ենք ինչո՞ւ պետք է ինքը մտնելու համար գրի, ով ուզում է մտնի, թող նա էլ գրի»։
Մեր հարցին, որ եթե նրա նշված համարձակների, այսինքն՝ դիմումները գրելուց և գումարները վերադարձնելուց հետո ակտիվիստներն այլևս փողոց դուրս չե՞ն գա ու շարժումը կմարի՞, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե կմարի, հենց դրա վրա էլ հաշվարկն է։ Ցույց կտան, թե ինչ-որ բան արել են, կհանդարտեցնեն և շարժումը կմարի։ Վերջին երթին արդեն քիչ մարդ կար»։
Այնուհանդերձ, ըստ ՀԱԿ պատգամավորի՝ քառյակը ձեռքերը ծալած չի նստի. փորձելու են շարունակել պահանջել, և հաջորդ քայլն այն է լինելու, որ «լրիվ պարտադիրը հանվի»։ «Այսինքն՝ ընդունվի այն նախագիծը, որով Սահմանադրական դատարան մտանք և հակասահմանադրական դրույթը օրենքով ֆիքսվեց»,-նշեց նա և հավելեց, որ քառյակի բոլոր անդամներն էլ համաձայն են արտահերթով մտնել ԱԺ։
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց, որ նոր նախագիծն իրենց չի լռեցնի և դեռ շատ անելիքներ ունեն։ Ըստ նրա՝ արդեն իսկ քայլեր են նախապատրաստում, որոնց արդյունքները կերևա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ լրամշակված օրենքի նախագծի՝ Նախագահի հաստատումից հետո, երբ արդեն այն կմտնի ուժի մեջ։
«Իրազեկման ակցիաները դեռևս կլինեն, դիմումի ձևը կկազմվի և կբաժանվի բոլորին, համացանցում կտեղադրվի, ինչպես նաև առձեռն կփոխանցենք բոլոր նրանց, ովքեր համացանցից օգտվելու խնդիր կունենան։ Նաև քայլեր ենք անում, որ միջոցներ ստեղծենք, որ քաղաքացիները կարողանան իրենց իրավունքները պաշտպանել՝ դիմումներ գրելով գործատուներին»,-նշեց նա։
Գևորգ Գորգիսյանը համաձայն է այն տեսակետների հետ, որ ճնշումների նոր թափ կարող սկսվել. «Հասկանում ենք, որ այս փուլում ճնշումների նոր թափ է սկսվելու աշխատողների վրա, որոնց պարզապես հնարավոր է թույլ չտան դիմումներ գրել, և մենք միջոցներ ենք նախաձեռնելու այդ մարդկանց պաշտպանելու համար»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե կարծում են, որ հետայսու իշխանությունների խնդիրը կլինի ակտիվիստներին լռեցնե՞լը՝ «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամը պատասխանեց. «Իհարկե ոչ, սա ցանկացած քաղաքացու հնարավորություն է տալու օգտվել իր իրավունքներից։ Իհարկե, հասկանում ենք, որ մոտեցումը սխալ է, որ պետք է քաղաքացին դիմում գրի, որ դուրս գա համակարգից։ Համացանցում հանդիպեցի մի տեսակետի, թե դիմում գրելու պահանջը նույն է, որ ասեն՝ աղջիկներ, դիմում գրեք, որ բանակ չգնաք, կամ բանկերում ավանդ ներդնելու համար դիմում գրի, որ չես ուզում ավանդ դնել։ Բայց, անկախ դրանից, ստեղծվել է հնարավորություն, որից ցանկացած քաղաքացի կարող է օգտվել։ Ի՞նչ է նշանակում, սա ակտիվիստների համար է, դուք ձեր գործատուներին չե՞ք կարող դիմում գրել»,-հարցրեց նա։
Ակտիվիստը նշեց, որ եթե ուսուցիչները դուրս են եկել Կրթության և գիտության նախարարության դիմաց ցույցի՝ կարող են նաև դիմում գրել. «Ինչպես մենք եղանք Մետրոպոլիտենի աշխատողների կողքին, կարող ենք լինել ցանկացած անձի կողքին, ով սուր խնդիր կարող է ունենալ իր գործատուի հետ՝ կապված դիմումների հետ»,-նշեց նա։
Գևորգ Գորգիսյանը նաև նշեց, թե իրենք հասկանում են, որ իշխանությունների լուծումը ժամանակավոր բնույթ է կրում։ «Այսինքն՝ ինչ-որ լուծումներ է տալիս առաջացած հարցերին, մինչև նոր օրենքի մտնելը։ Հիմնական պայքարի նպատակն է, որ նորմալ օրենք լինի, այսինքն, եթե ՍԴ որոշմամբ պետք է օրենքից հանել դրույթներ ու պետք է օրենքը փոփոխվի, ապա այդ փոփոխման արդյունքում ինչ կունենանք, դրա որակից է կախված, թե մեր պայքարի հաղթանակին հասել ենք, թե չէ»,-եզրափակեց նա։