Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հիասքանչ ակնթարթներ է անցկացրել Երևանում: Ինչպես տեղեկացնում է աշխարհահռչակ երգչի պաշտոնական կայքը, Ազնավուրը գրառում է կատարել Երևան կատարած այցի իր տպավորությունների մասին: «Վերադարձել եմ Փարիզ մի քանի օրով: Հազիվ ժամանակ ունեմ շնչելու և հիշելու այն հիասքանչ պահերը, որոնք անցկացրել եմ Ե րևանում: Բոլոր նրանք, ովքեր չգիտեն Հայաստանը… Դուք պարզապես չգիտեք, թե ինչ եք բաց թողել»,-նշել է լեգենդար երգիչը:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին' հոբելյանի կապակցությամբ: