Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած աղետից հետո դեպքի վայրում բողոքի ակցիայի մասնակից հանքափորին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապտակելու ժամանակ Իսրայելի հասցեին արած վիրավորական արտահայտությունը երկրի արտաքին գործերի նախարարությանը հարկադրել է հանդես գալ հայտարարությամբ:

 

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սոմայում Իսրայելի հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններ թույլ տալու մասին մամուլում հայտնված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 

«Վարչապետին վերագրվող արտահայտությունները չեն համապատասպանում իրականությանը: Մենք դատապարտում ենք նման լուրերը», -ասվում է հայտարարության մեջ:

 

Մայիսի 16-ին համացանցում տարածվել էր նոր տեսանյութ' կապված Էրդողանի Սոմա կատարած այցի հետ: Տեսանյութում Էրդողանը բռունցքով հարվածում է իր դեմ բողոքող մի երիտասարդ հանքափորի' ասելով նրան. «Ինչու՞ ես փախչում այ Իսրայելի վիժվածք», եւ երեւում, թե ինչպես է նա ձեռքերով փորձում խեղդել իր դեմ կանգնած մարդկանցից մեկին:

 

Սոմայի ածխահանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ծագած հրդեհի եւ փլուզումների պատճառով զոհված հանքափորների թիվը հասել է 301-ի: Պայթյունի ժամանակ հանքում 787 աշխատակիցներ են գտնվել: Աղետի հետ կապված' Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակիցները աղետի համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը եւ պահանջում հրաժարական տալ:

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սոմայի հանքի պայթյունի հետ կապված 19 մարդ է ձերբակալվել, որոնց մեջ կան նաեւ ածխահանքը շահագործող ընկերության ղեկավարներ: Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես ում է մեղադրանքներ ներկայացվել: Ածխահանքի ղեկավարությունը հերքում է, որ որեւէ աշխատակից կամ ղեկավար անփութություն է թույլ տվել, կամ խախտելէ անվտանգության կանոնները: Սակայն աղետից փրկված հանքափորները BBC-ին պատմել են, որ վախեցել են հրապարակավ բողոք արտահայտել հանքում առկա անբավարար անվտանգության միջոցառումների մասին: