Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորում է երկրի' եվրասիական ինտեգրումը, քանի որ այն բխում է մեր երկրի շահերից: ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի՝ ինտեգրացիոն պրոցեսների հարցում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցին՝ նշեց, որ մայիսի վերջին տեղի է ունենալու նախագահների և վարչապետերի մակարդակով հանդիպումներ, որոնցից հետո հստակեցումներ հաստատ կլինեն: «Պետք է խնդրեմ այդ մասին քիչ խոսել, որովհետև դա խոչընդտում է ընդհանուր բանակցություններին»,- ասաց վարչապետը:

 

Կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ բոլոր խնդիրները լուծումներ կստանան:

 

Նախատեսվում է, որ մայիսի 29-ին Աստանայում կստորագրվի Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր: Այդ փաստաթուղթը ազգային խորհրդարաններով կանցնի վավերացման գործընթաց և ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Խնդիր է դրված մինչև հունիսի 1-ի նախապատրաստել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը: