Թուրքական մամուլում եւ սոցիալական ցանցերում հայտնվել է սկանդալային մի փաստաթուղթ, որով բացահայտվում է, որ Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքի սեփականատերը, որտեղ օրերս տեղի ունեցած աղետի պատճառով 301 հանքափոր է զոհվել, թուրքական պետությունն է եւ ոչ թե մասնավոր անձ, ինչպես հայտարարվել էր աղետից անմիջապես հետո:

 

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը հրապարակել է այդ փաստաթուղթը եւ հայտնել, որ ածխահանքը սեփականաշնորհված չի եղել, եւ աղետի ու հանքափորների մահվան համար իրական պատասխանատուն հենց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ եւ վարչապետ Էրդողանի կառավարությունն է:

 

Փաստաթուղթը, որը կազմել է Թուրքիայի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության վերահսկողական ծառայությունը, վկայում է, որ ստուգայց է կատարվել վթարից 2 ամիս առաջ' 2014 թ. մարտին: Նախարարության եզրակացության մեջ նշված է, որ ստուգումների պահին հանքի աշխատակիցների թիվը կազմել է 2948, այդ թվում' 4 կին: Փաստաթղթում արձանագրվել է, որ հանքափորներն աշխատում են չափազանց վտանգավոր պայմաններում:

 

Թերթը գրում է, որ «Սոմա» բաժնետիրական ընկերության ղեկավար Ալփ Գյուրքանը, ում ներկայացնում են որպես ածխահանքի սեփականատեր, իրականում ընդամենը ենթակապալառու է եւ պետական հանքը շահագործել է պետության թույլտվությամբ, ուստի «կոտորածի պատասխանատուն ԱԶԿ-ն է», քանի որ վթարային վիճակում հանքի շահագործման համար մեղավորը երկրի իշխանություններն են:

 

«Ածխահանքը սեփականաշնորհված չի եղել: Գյուրքանի արդյունահանած ամբողջ ածուխը վաճառել է պետությունը, հետեւաբար տեղի ունեցած ողբերգության համար քրեական պատասխանատվություն կրում է նաեւ պետությունը», -եզրակացնում է թերթը:

 

Սոմայի ածխահանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի եւ ծագած հրդեհի ու փլուզումների պատճառով պաշտոնական տվյալներով զոհվել է 301, իսկ ոչ պաշտոնական տվյալներով' 350-ից ավելի հանքափոր, 486 աշխատակիցներ վիրավորվել եւ հոսպիատալացվել են: Ածխահանքում տեղի ունեցած աղետի հետեւանքով Թուրքիայի 20 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ընթացել են ոստիկանության հետ բախումների, ձերբակալությունների մթնոլորտում: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր է կիրառել: Ներկա դրությամբ ձերբակալվել են 5 կասկածյալներ, որոնք մեղադրվում են պաշտոնեական անփութություն թույլ տալու մեջ: Ցույցերի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը, որին մեղադրում են հանքում անվտանգության պայմանները պատշաճ մակարադկի վրա չպահելու մեջ: