Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչության, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ Բաքվում անցկացված կոնֆերանսում հայտարարել էր, որ վերջին 10 տարում Ադրբեջանում 1 մլն 200 հազարից ավելի աշխատատեղ է ստեղծվել, գործազրկության մակարդակը 10,6 տոկոսից նվազել է 5,0 տոկոսի, աղքատության մակարդակն էլ 44,7 տոկոսից իջե լ է 5,3 տոկոսի:
Սակայն, ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ իշխանությունները հանրությունից թաքցնում են աղքատության եւ գործազրկության իրական մակարդակը' դրանով փորձելով ստեղծել սոցիալապես եւ տնտեսապես զարգացած երկրի կերպար:
«Ազադլըգ»-ի հետ զրույցում Գուբադ Իբադօղլուն ասել է, որ նման թվերի ստույգությունը ցույց տալու համար ադրբեջանական կառավարությունը պետք է 4-5 հազար տնային տնտեսություններում հարցումներ անցկացներ, ինչը չի արվել:
«Նման ցուցանիշներ հայտարարելով' Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ իր գործունեության շրջանում զարգացում է գրանցվել: Աղքատության եւ գործազրկության իրական ցուցանիշները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրությունից: Ադրբեջանում ընտանիքի բյուջեի մեծ մասը ծախսվում է մթերքի' սնունդ հայթայթելու վրա: Եթե ԱՄՆ-ում մի ընտանիքի ծախսերի 35 տոկոսից ավելին սննդի վրա է ծախսվում, այդ ընտանիքն ավտոմատ կերպով համարվում է աղքատ», -նշել է նա:
Փորձագետը նշում է, որ նման չափանիշով գնահատելու դեպքում Ադրբեջանում բնակչության կեսից ավելին աղքատ կհամարվի:
Գուբադ Իբադօղլուն ասել է, որ նախարարի կողմից նշված աշխատատեղերի մեծ մասը ժամանակավոր բնույթ է կրում, աղքատության եւ գործազրկության մակարդակը նվազելու տեղեկությունները, որոնք իրականությունից շատ հեռու են, քաղաքական տեղեկություններ են, եւ այդ ամենը իշխանության սեփական տնտեսական նպատակների համար տարվող քաղաքականության դրական արդյունքները հաստատելու ցանկություն է միայն:
«Դրանով նրանք ցանկանում են ցույց տալ, որ իրենց վարած քաղաքականությունը դրական արդյունքներ է տվել: Սակայն իրականությունն ամբողջությամբ այլ է», -նշել է փորձագետը: