Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների «Ազգային խորհուրդի» ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել պաշտոնական այցով Բաքու ժամանող Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Դանիել Գրեխի հետ' պատճառաբանելով դա այն բանով, որ վերջիններս պաշտպանում են Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

 

«Մենք նպատակահարմար չենք գտնում հանդիպել ԵԽԽՎ համազեկուցողներ Պ. Ագրամունտի և Դ. Գրեխի հետ, քանի որ նրանց լիազորությունները դադարեցնելու պահանջով համապատասխան դիմում ենք ուղարկել ԵԽ: Նրանք ուղղորդվում են իշխանությունների կողմից, աչք են փակում Ադրբեջանում իրական իրադրության վրա, պաշտպանում են ավտորիտար վարչակարգը»,- կայքին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլըն' մեկնաբանելով ԵԽԽՎ զեկուցողների հետ հանդիպելուց «Ազգային խորհուրդի» հրաժարումը: