Մայիսյան փայլուն հաղթանակները, մասնավորապես' Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը գնահատելիս կարևոր է թվում ոչ միայն Հայրենիքի պաշտպանի մարտական սխրանքի նշանակության իմաստավորումը, այլև նրա' որպես տաղանդավոր մարդու, հայրենասերի ու մտավորականի ներկայացումը: Հայ ժողովրդի պատմության մեջ եզակի չեն այն օրինակները, երբ գիտության, արվեստի մարդն ազգի համար օրհասական պահին զենքը ձեռքին ելել է պաշտպանելու իր Հայրենիքը, իր ազգի հոգևոր արժեքները և փառավոր ավանդույթները:
Նման օրինակները շատ են հատկապես 20-րդ դարում, մասնավորապես' Արցախյան ազատամարտում: Այս առումով խորհրդանշական է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարը:
Եվ պատահական չէ, որ ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը, այցելելով Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, որտեղ Շուշիի ազատագրման տարեդարձի շրջանակներում 5-6-րդ դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել էր Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառում, նվիրեց Մոնթե Մելքոնյանի «ՈՒրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» մագիստրոսական ատենախոսության' մատենագիտության տեսանկյունից եզակի հրատարակությունը:
Նվիրատվությունը բովանդակում էր մի յուրահատուկ խորհուրդ. այն նպատակ ուներ հանրությանը Մոնթե Մելքոնյանին ներկայացնելու նոր լույսով:
1995 թվականին, երբ կնքված զինադարարից հետո հանրապետությունն իր սուղ հնարավորությունների շրջանակներում ձեռնամուխ էր եղել բանակաշինության ու բանակի ամրապնդման գործին, երբ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, տրանսպորտի վատ աշխատանքի, սննդի անբավարարության պատճառով խաթարվել էր մեծ թվով ձեռնարկությունների ու հիմնարկների, առաջին հերթին' գիտական ու կրթական հաստատությունների գործունեությունը, Մոնթե Մելքոնյանի այրին' Սեդան, ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն դոկտոր Արամ Քալանթարյանը դիմեցին դոկտոր Հայկ Քոթանջյանին' մարտի դաշտում մարտիրոսացած ազգային հերոսի դիպլոմային գիտական աշխատությունը հրատարակելու խնդրանքով:
Այն ժամանակվա Պաշտպանության նախարար, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, փոխնախարարներ Վահան Շիրխանյանի և Հմայակ Հարոյանի աջակցությամբ որոշվեց անհապաղ հրատարակել այդ մեծարժեք գիտական աշխատությունը, որը Մոնթե Մելքոնյանը 1978 թ. պաշտպանել էր ԱՄՆ-ի Բերկլիի հեղինակավոր համալսարանում' որպես «Ասիայի հնագիտությունը և պատմությունը» մասնագիտությամբ մագիստրոսական թեզ: Մինչ այդ Մոնթեն Բերկլիի համալսարանում բ ակալավրի 4-ամյա դասընթացն ավարտել էր 2,5 տարում: Նա տիրապետում էր 7 լեզուների:
Նրա գիտական հետազոտության հանրահռչակումն ուներ շատ կարևոր նշանակություն, քանի որ նորովի' որպես ԱՄՆ-ից տաղանդաշատ գիտնականի, երիտասարդ հայի էր ներկայացնում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Մոնթե Մելքոնյանին, որը ելել էր պաշտպանելու այն ժամանակ գործող օրենսդրության համապատասխան ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը, մի հայի, որը հրաժարվելով արտասահմանում իր գիտական փայլուն կարիերայից (նա ընդունվել էր Օքսֆորդի համալսարան դոկտորական ծրագրով, սակայն թողել էր ուսումը), եկել և անձնվիրաբար ու անմնացորդ տրվել էր արցախահայության պաշտպանության վեհ գործին: Ավելին. ազատամարտիկի գիտական աշխատության հրատարակությունը ճշմարտացի կերպարի վերարտադրությամբ չեզոքացնում էր Մոնթե Մելքոնյանին զրպարտելու հակառակորդի նպատակաուղղված ջանքերը:
Ազատության համար պայքարող հերոս ազատամարտիկի գիտական հետազոտության պատշաճ հրատարակության կազմակերպման համար դոկտոր Քոթանջյանի գլխավորությամբ ստեղծվեց խմբագրական խումբ, որը խնամքով և նվիրումով մշակեց թարգմանության տեքստը ու հրատարակեց այն' ապահովելով ակադեմիական բոլոր չափանիշներն ու պահանջները:
Խմբագրական խմբի կազմում ներգրավվեցին ինչպես ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, պատմական գիտությունների թեկնածուներ Ռուզան Մկրտչյանը, Սիմոն Հմայակյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Պավել Ավետիսյանը, այնպես էլ ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի խմբագրության որակյալ մասնագետներ' պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Բալայանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բաղդասարյանը, պատասխանատու քարտուղար Դավիթ Չիլինգարյանը, գեղարվեստական ու տեխնիկական խմբագիր Ռազմիկ Գևորգյանը, ձևավորող նկարիչ Սերգեյ Նարազյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Հաշվողական կենտրոնի մի խումբ համակարգչային ապահովման մասնագետ-սպաներ' գլխավոր մասնագետ Սամվել Աթոյանի ղեկավարությամբ:
Խմբի անմնացորդ աշխատանքը տվեց ցանկալի արդյունք. Մոնթե Մելքոնյանի գիտական մտքի արգասիքը վերածվել էր ակադեմիական հրատարակության' ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայաստանի հնագիտական հուշարձանները» մատենաշարի շարունակմամբ, որն ընդհատվել էր անհրաժեշտ միջոցներ չլինելու պատճառով: Աշխատության հրատարակիչն էր ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը: Հրատարակությունը Մոնթեի այրիի խնդրանքով ուղարկվեց Սորբոնի, Բերկլիի համալսարաններ և աշխարհի մի շարք այլ գիտակրթական կենտրոններ:
Հարկ է նշել, որ Մոնթե Մելքոնյանն իր էությամբ ստեղծված էր գիտությամբ զբաղվելու համար: Գալով Հայաստան' նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել Հայաստանի գիտական կենտրոնների, հատկապես' Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի նկատմամբ: Նա մեկ ամիս շարունակ այցելում էր ինստիտուտ, շփվում աշխատողների հետ, մասնակցում գիտական բանավեճերին: Նա շատ էր ուրախացել, երբ իմացել էր, որ ինստիտուտում գործում է Արաբական երկրների բաժին: Այն ժամանակ ես ոչ միայն այդ ինստիտուտի փոխտնօրենն էի, այլև նշված բաժնի վարիչը: Եվ մենք հաճախ էինք զրուցում այն կարևոր դերի մասին, որն արաբները ունեցել էին Օսմանյան կայսրությունում Մեծ Եղեռնի ընթացքում բռնի տեղահանման ենթարկված հայերին փրկելու գործում:
Նա շեշտում էր, որ եթե չլինեին արաբները և նրանց օգնությունը, ապա չէր լինի ժամանակակից Հայոց սփյուռքը: Նա նույնիսկ ցանկանում էր հեռանկարային պլան կազմել' արաբական հետազոտությունների զարգացման համար: Սակայն չհասցրեց: Սկսվեց Ղարաբաղի պատերազմը, և նա գրիչը փոխարինեց սրով:
Եվ ահա նրա ընկերներից մեկը, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը մի օր զանգահարեց ու խորը վշտով, այնպես, որ մենք բոլորս ցնցվեցինք, հայտնեց. «Մոնթեն էլ չկա»… Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Մոնթե Մելքոնյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի: 1996 թ. նրան հետմահու շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն պատվավոր կոչումը:
Նրա հիշատակը ներկայումս էլ վառ է: Եվ այժմ ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը երախտապարտ սերունդներին ներկայանում է ոչ միայն որպես Հայրենիքի անպախարակելի ասպետ, այլև որպես տաղանդավոր գիտնական, որն իր կարիերան և կյանքը զոհաբերել է հանուն Հայրենիքի ազատության, իր ժողովրդի անկախության ու զարգացման:
Նիկոլայ Հովհաննիսյան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ,
գիտության վաստակավոր գործիչ