Ազգային ժողովում այսօր շարունակվեց կառավարության ծրագրի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Վերջինիս կարծիքով՝ այս ծրագրում պետք է լիներ քաղաքական ընդդիմության դերակատարության վերաբերյալ կառավարության տեսակետը, մոտեցումը և ծրագրային կոնկրետ առաջարկները:
«Մենք կուզենայինք ծրագրում տեսնել կառավարության վճռականությունը ընդդիմության մասին օրենքի ընդունման և գործադրման մասով, կուզենայինք տեսնել, որ կառավարությունը և իշխանությունը պատրաստ են իշխանության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը վերապահել նաև ընդդիմությանը, որովհետև առանց նման համատեղ աշխատանքի հնարավոր չէ ապահովել ներքին համախմբվածությունը, հակառակը' կհաստատվի իրար մերժելը, իրար ծրագրերը չընդունելը»,- ասաց Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ ևս մեկ կարևոր խնդրի՝ ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա պետք է իրավունք չունենա իր կարողությունները ՀՀ-ում վաստակելով ներդնել այլ երկրներ.
«Եթե նա բարձրագույն բարձրաստիճան անձ է այս երկրում' նա պարտավոր է միջոցները ծառայեցնել այս երկրի համար: Մենք առաջարկում էինք, որ բիզնես միջավայրի կարևոր նախապայմաններից մեկը պետք է լինի կանխատեսելիությունը»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը' շեշտելով, որ այն մերժվել է կառավարության կողմից:
Պատգամավորի խոսքով' հանրությունը դժգոհում է իշխանություններից, որովհետև օտարված է որոշումների կայացումից.
«Պատահական չէ, որ ոչ միայն պարտադիր կուտակային վճարի, կարմիր գծերի, արագաչափերի, տրանսպորտի գնի դեմ թանկացման դեմ պայքարելու շրջանակում քաղաքացիներն ագրեսիվ են դառնում շատ պարզ մի պատճառով, որովհետև նրանք ներգրավված չեն որոշումների կայացման մեջ»,-ասաց նա: