Եթե Ռուսաստանը զիջի դիրքերը Հարավային Կովկասում, ապա Ուկրաինայում ձեռք բերած հաջողություններն անիմաստ կլինեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Ռուսաստանը Ուկրաինայի դիմաց զիջի դիրքերը Ղարաբաղում: «Ռուսաստանի համար խնդիրը ոչ թե աշխարհագրական տարածքներն են, այլ աշխարհաքաղաքական որոշ գծերն իր ազդեցության տակ պահելը: Նրանք հիանալի հասկանում են, որ Արևմուտքի հիմնական նպատակը Ռուսաստանին հնարավորիս ազդեցության գոտիներից զրկելն է ու դեպի իր սեփական սահմաններում սեղմելը: Կորցնելով Հարավային Կովակասում ազդեցութունը' զրոյանում է Ղրիմում ձեռք բերված հաջողությունները»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը' հավելելով, որ մյուս կողմից էլ, Հարավային Կովկասի սպառնալիքները լուրջ սպառնալիք են Հյուսիսային Կովասում խնդիրների առաջացման համար:
«Եթե անգամ Ուկրաինայում Ռուսաստանը չկարողանա հասնել իր ցանկությանը, դրանով այն կկորցնի Սև ծովում դոմինանտ դեր գրավելու իր հնարավորությունը, բայց Հարավային Կովկասում զիջումների գնալու պարագայում իրենք անմիջականորեն վտանգի տակ են դնելու իրենց տարածքային ամբողջականությունը: Կարծում եմ' Մոսկվայում դա լավ հասկանում են, չնայած պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը միշտ չէ, որ ուղղորդվում է սեփական շահերով կամ սեփական անվտանգության հարցերով, կան սպոնտան ընդունված որոշումներ, որոնք վերջում Ռուսաստանի վրա ծանր են նստում»,- հավելել է քաղաքագետը:
Այս համատեքստում Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայկական դիվանագիտության խնդիրներից մեկը համարեց մեր տարածաշրջանի կարևորությունն արժանվույն ներկայացնելը միջազգային հանրությանն ու Ռուսաստանին: «Այդ պետությունների հետ հարաբերություններում մենք պետք է ելնենք մեր դիրքի կարևորությունից, մեր աշխարհաքաղաքական պոտենցիալից: Չպետք է թույլ տանք, որ քաղաքական առևտուր տեղի ունենա' առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը, քանի որ ներկայում Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանվում է մեր ռազմական ուժի գործոնով»,- փաստեց քաղաքագետը: Նրա խոսքով' մինչ աշխարհաքաղաքական փոփոխություններն ու Ռուսաստանի ու Արևմուտքի միջև մրցակցության վերադարձը, խաղաղությունը պահպանվում էր միջազգային երաշխիքներով' Ռուսաստան-Ֆրանսիա-ԱՄՆ հարաբերությունների կոնսենսուսով: