Առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունը ամրապնդում են երկիրը և ուժեղացնում կառավարությանը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Շնորհակալ եմ բոլոր այն պատգամավորներին, ովքեր կառավարության ծրագրի վերաբերյալ շահագրգիռ ելույթներ ունեցան: Շահագրգիռ ասելով՝ ես նկատի չունեմ գովաբանական, որովհետև միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունը ամրապնդում են երկիրը և ուժեղացնում կառավարությանը»,- ասաց նա:

 

Հովիկ Աբրահամյանի համար ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական հարցերում: «Իսկ Ազգային ժողովն այն ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն այդ տարբերությունները»,- նշեց նա:

 

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, հնարավորություն տվեցին իրեն և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ ներկայացնել իրենց մոտեցումները: «Շատ առաջարկներում և հարցերում' թե′ քննադատական, թե′ սատարող, ես տեսա մտահոգություն, տեսա գործնական ցանկություն' երկրի իրավիճակը դեպի լավը տանելու: Մենք գրանցել ենք բոլոր հնչած մտքերը և դրանց անպայման անդրադառնալու ենք»,- ասաց նա:

 

Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետին ցավ է պատճառում, որ մեր քաղաքական մշակույթում դեռևս առկա է ծրագրային փաստարկների բացակայության դեպքում հարցը քաղաքական գործիչների անհատական մաղձոտ դաշտ տեղափոխելու գործելաոճը: «Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը քաղաքական գործիչներից դա է սպասում, և այդ գործելաոճը նշանակում է անարգանք սեփական ընտրողների նկատմամբ»,- ասաց Աբրահամյանը:

 

Նա ընդգծեց, որ իշխանությունը և ընդդիմությունը գտնվում են մի նավում և նավարկում են միասին, քանի որ յուրաքանչյուրը երկրի վիճակի համար իր չափով պատասխանատու է: «Այս տեսակետից իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ կարելի է համարել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը: Նրա ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության: Հարգելի ընդդիմադիրնե'ր, մտածեք այս մասին», - նշեց վարչապետը:

 

Եզրափակելով խոսքը' Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնել բոլորին' հավելելով, որ իր նպատակն է, որպեսզի բոլորը միասին աշխատեն համերաշխության մթնոլորտում:

 

Ազգային ժողովն ավարտել է ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագրի քվեարկությունը տեղի կունենա այսօր, ժամը 17:30-ին: Ոչ իշխանական ուժերն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու կառավարության ծրագրի քվեարկությանը: