Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության և Զանգվածային լրատվամիջոցների ու Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համագործակցության վերաբերյալ երկօրյա կլոր սեղան-քննարկումը:

 

Կլոր սեղան-քննարկումը համատեղ կազմակերպել են ՀՀ ոստիկանությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Քննարկման ընթացքում անդրադարձ կլինի ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումներին և ոստիկանության և հասարակության միջև համագործակցության գնահատմանը:

 

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով, որ ոստիկանության և հասարակության միջև կապը և համագործակցությունը առաջնահերթություն է, և հարկավոր է ամեն ինչ անել այդ կապն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: «Նման միջոցառումների անցկացումն ավելի է խորացնում ոստիկանության և հասարակության կապը: Ես ողջունում եմ համաժողովի մասնակից լրագրողներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնում այս քննա րկմանը մասնակցելու համար, քանի որ նրանց դերը շատ կարևոր է ոստիկանության և հասարակության միջև կապը ամրապնդելու և ավելի խորացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն ընդգծեց, որ ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: «Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները , ապահովել մարդկանց անվտանգությունը և պահպանել հասարակական կարգը: Կարծում եմ, այսօրվա քննարկումը կնպաստի ոստիկանության և հանրության միջև ավելի արդյունավետ փոխըմբռնմանը»,- ասաց Սորոկինը:

 

Սորոկինն ընդգծեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը շարունակում է աջակցել Հայաստանում համայնքային ոստիկանության, կրթական բարեփոխումների, հասարակական կարգի պահպանման և ոստիկանություն-ԶԼՄ-հանրություն համագործակցության ոլորտներում ժողովրդավարական ոստիկանական սկզբունքների և փորձի ամրապնդմանը:

 

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակիցներ, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության շուրջ 40 ներկայացուցիչներ: Վերջիններս վերլուծելու են ոստիկանության և ԶԼՄ-ների միջև հարաբերությունների առաջընթացը և առաջարկելու են բարեփոխումներ՝ համագործակցությունն ամրապնդելու համար: