Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն այժմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում է դասավանդում, առաջիկայում կպաշտպանի դոկոտորականը, իսկ աշխատանքի վայրը հայտնի կլինի արդեն հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թովմասյանը դժվարացավ ասել' կաշխատի պետական ոլորտում, թե' մասնավոր: «Առաջարկությունների ոլորոտը լայն է, անգամ բիզնես կառավարման ոլորտից են առաջարկություններ ուղղել: Սակայն դեռ ընտրություն չեմ կատարի: Իսկ թե որն է հարազատ, ապա կասեմ, որ աշխատանքը նման է հագուստի. մեկը մեծ է, մեկը' փոքր, մեկը լավն է, բայց գրպանիդ հարմար չէ: Նույնն էլ աշխատանքն է' պետք է կարողանաս գտնել ոսկե միջինը»,- նշեց Թովմասյանը:
Եթե նա ժամանակը հետ տար և նոր նշանակվեր արդարադատության նախարար, ապա մի շարք ծրագրեր այլ կերպ կկատարեր, իսկ ինչ վերաբերում է իր հաջորդին' Թովմասյանն ասաց, որ խորհուրդներ չի տա, այլ կցանկանա, որ խնդիրները, որոնք մնացել են' արդյունավետ և բարեհաջող լուծի:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանն արդարադատության նոր նախարարին ներկայացնելիս ասել է, թե Հրայր Թովմասյանն ինքն է խնդրել նախարարի պաշտոնից իրեն ազատել, Հրայր Թովմասյանը նշեց. «Տիգրան Սարգսյանի մնալու դեպքում ես նման բան չէի անի, իսկ նոր վարչապետի դեպքում ես ասել եմ, որ նա պետք է հնարավորություն ունենա ընտրել իր կադրերը: Հարցն այն չէ, որ ես իմ աշխատանքում թերացել եմ, կամ իմ ղեկավարած նախարարությունում խնդիրներ են եղել: Չկա նման բան: Նոր վարչապետը պետք է հնարավորություն ունենա ընտրելու մարդկանց, ում հետ պատրաստվում է աշխատել: Ես Հովիկ Աբրահամյանի հետ էլ եմ խոսել դրա մասին, ի սրտե հաջողություն եմ մաղթում նոր կառավարությանը: Խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»: