ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և բարերար Ժան Պողոսյանի ձեռամբ մրցանակներ շնորհվեցին ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակակիրներին: Բացման հանդիսավոր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձանց: «Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու: Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց և ձև են: Իսկ դա կարևոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է տալիս համոզվելու, որ իր կատարած աշխատանքը գնահատվել է հանրության կողմից և հասել հասցեատերերին: Յուրաքանչյուր ստեղծագործող իր գործը փորձում է ուղղել հավերժությանը: Աշխատանքը մարդուն այս աշխարհում հատկացված կարճ ժամանակահատվածը գերազանցելու, ասելիքը գալիք սերունդներին փոխանցելու կարևոր միջոց է: Սակայն ոչ պակաս կարևոր է ժամանակակիցների հետ երկխոսությունը: Այս առումով անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի մրցանակակիրները կանգ չառնեն ձեռքբերված հաջողությունների վրա: Սրտանց մաղթում եմ ձեզ, որպեսզի լինե՛ք արդյունավետ և նոր ստեղծագործական թռիչքներ արձանագրեք ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ ոգեշնչումը երբեք ձեզ չի լքելու, իսկ ձեր հետևողական ու նվիրված աշխատանքը գիտական, կրթական և մշակութային նոր հաջողություններ է բերելու Հայոց աշխարհին»,-ասաց ՀՀ նախագահը:

 

Մրցանակաբաշխության աջակից «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանն էլ իր հերթին շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին' կոչ անելով լինել ստեղծագործ ու նորարար, որը ներկա ժամանակաշրջանի հաջողության լավագույն գրավականն է: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար երկու մրցանակ է շնորհվել: Մենք ուրախ ենք մրցանակ հանձնել մտածող ու բարոյական մարդու' Յահիր Աուրոնին, ում ջանքները մեծ են Իսրայելում և ամբողջ աշխարհում իրազեկել ու Հայոց ցեղասպանության մասին: Առաջին դրական մոտեցումն այս տարի Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունն էր, բայց բոլորս գիտենք, որ դա բավարար չէ, ու մի օր սահմանից այն կողմ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-ավելացրեց Ժան Պողոսյանը:

 

ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակների շնորհման համար ձևավորված հանձնաժողովների ներկայացուցիչների խոսքով' մրցանակներին առաջադրված աշխատանքներն ընտրվել են հանձնաժողովների անդամների կողմից միաձայն:

 

Ընտրվել են այն աշխատանքները, որոնք հեռանկարային են ու ունեն գիտական անգնահատելի արժեք: Արվեստի բնագավառում հանձնաժողովի ներկայացուցիչ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը հատկանշանական համարեց, որ ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձինք տարիներ անց արժանանում են այլ մրցանակների, որը վկայությունն է նախագահի մրցանակի արժեքի: «Մենք քննարկումներից հետո կայացրեցինք բարդ և նրբանկատ որոշում: Բարդ էր, քանի որ ներկայացվել էին բարձր որակական լուծումներ ունեցող աշխատանքներ, բայցի այդ' մենք քաջ գիտակցում էինք, որ գործ ունենք արվեստի բնագավառ նոր մուտք գործող երիտասարդ ստեղծագործողների հետ»,-ասաց Միքայել Դովլաթյանը:

 

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը և պատմական գիտությունների թեկնածու Գայանե Ավագյանը «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ(1916-1917)» Հայերեն եռահատորյան փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար: Նույն անվանակարգում մրցանակ շնորհվեց իսլայելցի, գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնին» Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և տասնամյակների ընթացքում իրականացրած գիտական գործունեության համար:

 

ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացան բնագիտական գիտությունների զարգացման, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառների գիտական աշխատանքներին:

 

Մրցանակ չի տրվել արվեստի, գրականության և հումանիտար գիտությունների զարգացման բնավառաներում, իսկ բժշկագիտության բնագավառում մրցանակային աշխատանքներ չեն ներկայացվել:

 

ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակից անմասն չէին նաև երիտասարդները, ովքեր առաջադրվել ու մրցանակի արժանացան մշակույթի ու գրականության բնագավառներում: Արվեստի բնագավառում «Հաղթահարում» գեղանկարի համար մրցանակ ստացավ Գոռ Գյուրջյանը, իսկ Ժաննա Նազարյանն ու Ռազմիկ Նազարյանը' «Այստեղ մեր կողքին» ֆիլմի վավերագրական համար:

 

Գրականության բնագավառում մրցանակի արժանացավ երիտասարդ գրող Մանե Գրիգորյանը «Ցուրտ կին» բանաստեղծական ժողովածունի համար, որում ըստ գրականության հանձնաժողովի ներկայացուցչի, երևում է գրականության վաղվա սերունդը:

 

Բարձր կատարողական արվեստի և լավագույն կատարումների համար դասական երաժշտության բնագավառներում մրցանակների արժանացան Լուիզա Երեմյանը, Սերգեյ Սարգսյանը, Գրիգոր Աբրահամյանը, Ժորա Սարգսյանը: