Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը Ռամիլ Սաֆարովի գործով' որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարեխիղճ մտադրությունների սկզբունքների խախտում»: Ինչպես փոխանցում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, բանաձևում նշվում է, որ 12-րդ հոդվածի կիրառման նպատակն է նպաստել ազատազրկման դատապարտվածների վերականգնմանն ու վերաինտեգրմանը: Միաժամանակ, բանաձևում մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար:
Բանաձևում հիշեցվում է, որ Սաֆարովը դատապարտվել էր 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: «Եվ ահա, Ադրբեջանում նա ընդունվել է որպես ազգային հերոս, ու դեռևս Հունգարիայի դատարանի կողմից նրա նկատմամբ սահմանված պատժի նվազագույն ժամանակահատվածը չլրացած, նրա նկատմամբ անհապաղ կիրառվեց համաներում, Սաֆարովին արժանացրին տարբեր բարձրաստիճա ն պարգևների»,- ասված է բանաձևում:
Դրանում ընդգծվում է, որ «12-րդ կոնվենցիան չի նախատեսում քաղբանտարկյալների արտահանձնումից հետո անհապաղ ազատ արձակում, այլ արտահանձնման դեպքերում ընդգծում է օրենքի գերակայությանը հավատարմությունը, որովհետև այն կարող է առաջացնել քաղաքական ու դիվանագիտական հետևանքներ»:
Բանաձևի նախագիծը կներկայացվի ԵԽԽՎ լիագումար նիստի քննարկմանը 2014 թվականի ընթացքում: