ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ճաշել է երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը պետության հաջորդ ղեկավարի հավանական հավակնորդներից մեկն է, տեղեկացնում է Reuters-ը:

 

Նախագահական վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, թե ճաշկերույթը, որը չի եղել Օբամայի աշխատանքային գրաֆիկում, ոչ պաշտոնական բնույթ է կրել, եւ դրան, Օբամայից եւ պետդեպարտամենտի նախկին ղեկավարից բացի, ոչ ոք ներկա չի եղել: Երկու քաղաքական գործիչների հանդիպմանն արծարծված հարցերի մասին չի հաղորդվում:

 

Ճաշկերույթի բուն փաստը կարող էր գաղտնիք մնալ, բայց People հանդեսը, որը մայիսի 29-ին հարցազրույց է անցկացրել Քլինթոնի հետ, Twitter-ում հաղորդագրություն է արել նրա պլանների մասին:

 

Մայիսի կեսին գործակալությունը, հղում անելով Ipsos սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցման տվյալներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը Հիլարի Քլինթոնին համարում է 2016 թվականի նախագահական ընտրությունների հավանական հաղթողը:

 

Քլինթոնն ինքն առայժմ չի հաստատել, որ պայքարելու է նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: