Ժամանակակից գրական ստեղծագործություններն, անշուշտ, Օստապ Բենդերներով համալրվելու լրջագույն հիմքեր ունեն. մարդկային զարգացման որևէ էտապում լեյտենանտ Շմիդտի որդիների նախատիպերը ոչ միայն չեն վերացել, այլև այժմ էլ շարունակում են անարգել բազմանալ և գործունեություն ծավալել, այդ թվում՝ Հայաստանում:

 

«Արցախբանկի» խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, ԱՄՆ քաղաքացի Հրաչ-Ներսես Կապրիելյանը մեկն է այն անձանցից, ում գործունեությունը մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում:

 

Նրա մեքենայությունների մասին հրապարակումների շղթան, կարծես, վերջ չունի: Անգամ այն դեպքում, երբ այս գործարարի նկատմամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի կողմից հնչեց փողերի լվացման բացահայտ մեղադրանք՝ համապատասխան մարմինները լռեցին, և Կապրիելյանը շարունակում է տարբեր մեքենայությունների միջոցով կեղեքել ՀՀ քաղաքացիներին, օրինակ, առ այսօր «Արցախ» բանկի և խաբված քաղաքացիների խնդիրը ձգձգվում է և մնում է չլուծված:

 

ԱԺ պատգամավոր Ախոյանն, օրինակ, անդրադարձել է «Արարատ» սպորտային ակումբի միջոցով փողերի Հայաստան գալու եւ ուղղորդելու, նրանց սուտ «Ֆրանկ Մյուլեր»-ային գործունեություն կատարելու եւ տարբեր արտադրամասեր ստեղծելու, դրա տակ ոսկի, ադամանդներ արտահանելու փաստերին:

 

Պատգամավորի այս հայտարարություններին նախորդել էին Հրաչ Կապրիելյանի կողմից գործընկերոջ մասնաբաժնին տիրանալու փորձերը. նա ջանքեր էր գործադրել՝ փորձելով խլել իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած «Իտարկո Քոնսթաքշըն» ընկերության բաժնեմասերը ամբողջությամբ և տիրանալ Ախոյանի ունեցած մոտ մեկ քառորդ բաժնեմասին։

 

Կապրիելյանի գործունեությունը Հայաստանում մի քանի տարի առաջ հայտնվեց իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Պատճառը պետության նկատմամբ պարտավորությունները չկատարելն էր. Հայաստանում և Արցախում նա պարտավորվել էր խոշոր ներդրումներ կատարել, օրինակ՝ «Արարատ» ակումբի Ձորաղբյուրի մարզաբազան, որտեղ պետք է միլիոնավոր դոլլարներ ներդրվեր, այդպես էլ մնաց անավարտ: Իսկ նույն գործարարին պատկանող «Իտարկո Քոնսթրաքշն»-ում աուդիտի արդյունքները պետությանը «քցելու» իսկական կծիկ հայտնաբերեցին:

 

Կապրիելյանը կարողացավ այնպես խճճել «Տոնուս»-ից խաբված բնակիչների գործը, որ տիրացավ մարդկանց սեփականությանը և առ այսօր տարբեր մեքենայությունների միջոցով հրաժարվում է հետ վերադարձնել նրանց օրինական գումարները: Իսկ խնդիրը հետևյալն է. Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի (120 բնակարան) մի խումբ ապագա բնակիչներ տարիներ շարունակ վճարել են բնակարանի ձեռքբերման գումարի մի մասը կամ ամբողջությամբ այն պայմանով, որ շինարարության ավարտին, որը նախատեսվում էր 2012թ. դեկտեմբերի 31-ին, ստանալու են իրենց բնակարանները: Սակայն մինչ օրս ոչ միայն չեն ստացել ոչ բնակարանը, ոչ էլ դրա սեփականության վկայականը, այլև հայտնաբերել են, որ տվյալ շենքը գրավադրված է Արցախբանկում եւ գտնվում է արգելանքի տակ: Այսինքն՝ բանկը գույքը վերցրել է որպես գրավ՝ առանց իրական սեփականատերերի՝ բնակիչների հետ բանակցելու, իսկ այժմ, տիրանալով շենքին, հրաժարվում է վճարել մարդկանց գումարները: Արդյո՞ք այս ամենից խոշոր ֆինանսական խաբեության հոտ չի գալիս:

 

Քանի որ Հրաչ-Ներսես Կապրիելյանի ֆինանսական մեքենայությունների և պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման փաստերը հսկայական են և, չգիտես ինչու, համապատասխան գնահատականների չեն արժանանում՝ առաջիկայում մեկ առ մեկ կանդրադառնանք նրա հետաքրքրաշարժ գործունեության բոլոր դրվագներին: