Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի գործընթացը պայմանավորված է բացառապես Հայաստանի շահերով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Սակայն մենք պետք է չմոռանանք, որ արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կա նաև Ադրբեջանի գործոնը: Անտեսել այդ գործոնն աշխարհաքաղաքական տեսանկյունից' սխալ է»,- ասաց նա:

 

ՀՀԿ փոխնախագահի խոսքով' ակնհայտ է, որ նույն Հայաստանն իր հարաբերություններում այն երկրների հետ, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ են, առաջնորդվում է իր սեփական մոտեցումներով՝ միաժամանակ հարգելով իր ռազմավարական գործընկերների շահերը: Նա ընդգծեց, որ արտաքին քաղաքականությունը նուրբ կատեգորիա է, և ծայրահեղություններով առաջնորդվելը և հատկապես էմոցիոնալ երանգներով գնահատականներ տալը սխալ կլինի:

 

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության համար կարևոր նշանակություն ունեցող երկիր է, քանի որ Հարավային Կովկասի միակ երկիրն է, որ պատրաստակամություն է հայտնել միանալ այդ կառույցին: Իսկ միանալով ԵՏՄ-ին Հայաստանը նոր ճանապարհ և նոր շուկաներ է բացում այդ կառույցի համար: «Հայաստանը պետք է Եվրասիական միությանը ոչ պակաս, քան Եվրասիական միությունը Հայաստանին»,- շեշտեց Աշոտյանը:

 

Միևնույն ժամանակ, Աշոտյանը հիշեցրեց, որ ԵՏՄ անդամ Ղազախստանն ունի նաև իր շահերն Ադրբեջանի հետ, ինչը հասկանալու համար ուղղակի անհրաժեշտ է նայել քարտեզին: ՀՀ փոխնախագահի խոսքով' Ղազախստանն ընդհանուր նավթագազային ենթակառուցվածքներ ունի Ադրբեջանի հետ, օգտվում է այդ ենթակառուցվածքներից, ինչը մեծ քաղաքականության մեջ սխալ կլինի անտեսել: