Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ցանկացած երկիր ազատ է ցանկացած սյուբեկտի հետ սահմանել որևէ տեսակի առևտրային հարաբերություններ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ով թեև հրաժարվեց մեկնաբանել Աստանայում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հնչեցրած հայտարարությունը, սակայն հիշեցրեց ԱՀԿ-ին անդամակցույթան պայմանները: «Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությունը սահմանում է որոշակի նորմեր և կանոններ, որը երկիրը պարտավորվում է կիրառել արտաքին առևտրի ռեժիմներ սահմանելու հարցերում, բայց Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ցանկացած երկիր ազատ է ցանկացած սուբյեկտի հետ սահմանել որևէ տեսակի առևտուր, ստեղծել միություններ և այլն: ԱՀԿ անդամակցությունը փաստացի և իրավաբանորեն չի առնչվում որևէ այլ ծրագրերի»,- ասաց Մելքոնյանը:

 

Խոսելով մամուլում հնչող այն գնահատականների մասին, որոնց համաձայն' Առևտրի համաշխարհային կազմակերպության և Մաքսային միության իրավական ձևակերպումները համադրելի չեն, փոխնախարարը հիշեցրեց, որ դրանք տարբեր կառույցներ են, որոնք ունեն տարբեր գործառույթներ: «Կառույցները տարբեր են, իրենց գործառույթներն ու լիազորությունները ևս տարբեր են, և հնարավոր չէ բոլոր դեպքերում օգտագործել նույն ձևակերպումները»,- ասաց նա:

 

Գարեգին Մելքոնյանը նշեց, որ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի ելույթի վերաբերյալ հնարավոր է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ավելի ուշ հաղորդագրություն տարածի: