Այլևս փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր երկրները եկել են համաձայնության, որ մինչև հունիսի վերջ Հայաստանն անդամակցելու է այդ միությանը: Այս մասին Ազգային ժողովում' լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն և ընդամենը ներմուծման ու արտահանման հետ կապ ունեն»,- ասաց Շարմազանովը:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին' Շարմազանովն ընդգծեց' թե՛ Մաքսային միությունը, թե՛ Եվրասիական տնտեսական միությունը սահմանների հարց չեն լուծում և չեն էլ կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունեն, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միության հետ' ավելորդ է:

 

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, թե բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են։ «Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը մեկ միասնական տարածք են: Դա այդպես է և այդպես էլ կմնա, սա անհերքելի է»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:

 

Նա ընդգծեց, որ ԵՏՄ-ին Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար, ինչպես չի անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար: «Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, և այս խնդրի ու սահմանների ճշգրտման հարցի կապումը Միությանն անդամակցության հետ, իրականության հետ որևէ կապ չունի»,- նշեց Շարմազանովը:

 

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ Հայաստանում կա կայացած հասարակություն, քաղաքական դաշտ, մամուլ, ու ժամանակն է, որ տարբերեն բանակցային գործընթացը հրապարակային ուղերձներից, և հասկանան՝ ինչո՞ւ և ո՞ւմ համար են արվում այդ ուղերձները: «Ես խնդրում եմ ձեզ, որ աժիոտաժ չսարքենք այս հայտարարությունից (Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի հիման վրա' Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արած հայտարարությունը Հայաստանի սահմանն երի վերաբերյալ-խմբ.), հաստատ դա ո՛չ ձեզ, ո՛չ ինձ, ո՛չ մեր հասարակությանը, ո՛չ մեր պետությանն օգուտ չի բերելու, և կարիք չկա այս հարցից մի մեծ փուչիկ ուռեցնելը»,- հայտարարեց Շարմազանովը:

 

Նա շեշտեց, որ ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի Հանրապետությանը. ՀՀ-ն համարվել և համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

 

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին պայմանագիրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ժամկետ սահմանել հունիսի 15-ը: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտնիը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը կստորագրի ամենամոտ ժամանակներում: Նիստի ժամանակ Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հիշատակել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, իբր Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն: