Հալեպում վիճակը շարունակում է մնալ անկայուն, ռմբակոծությունները շարունակվում են և դրանք հիմնականում ուղղված են դեպի հայկական, քրիստոնեական թաղամասեր: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Սիրիա. ահաբեկչություն, հայություն, ընտրություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն ասաց, որ Սիրիայում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող դեպքերի պատճ առով Հայաստան է եկել 8-10 հազար սիրիահայ, սակայն նրանց մի ստվար զանգված Հայաստանից հեռացել է այլ երկիր:
«Հայաստանից հեռանալու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ գործ չունեն, չեն կարողանում աշխատել, ստիպված հեռանում են: Սա էլ համարենք արտագաղթ»,- նշեց նա՝ հավելելով, որ դա ցավալի երևույթ է, քանի որ Հայաստանը նրանց հայրենիքն է ու այստեղ գալուց հետո նրանք չպետք է հեռանան: «Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի նրանք մնան Հայաստանում, ու ինչպես զարգացրեցին Սիրիան, այստեղ էլ նույնն անեն: Պետք է կանխել նրանց արտագաղթը Հայաստանից: Դա մեր բոլորի պարտքն է»,-ասաց Մեսրոպյանը:
Սիրիայում արդեն երեք տարի շարունակվող պատերազմի հետևանքով հազարավոր հայեր եկել են Հայաստան: Ինչպես այստեղ հաստատված, այնպես էլ դեռևս Սիրիայում բնակվող հայերին աջակցելու նպատակով ստեղծվել են մի շարք հիմնադրամներ: