Իսրայելի ոստիկանությունը արգելել է 45 տարեկանից ցածր պաղեստինցիներին երեկ ուրբաթօրյա նամազի համար մուտք գործել Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթ: Տարիքային սահմանափակման պատրվակով ոստիկանությունը թույլ չի տվել Ալ Աքսա մտնել նաեւ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուստաֆա Սարնըչին եւ նրա հետ մզկիթ եկած հյուպատոսության մյուս աշխատակիցներին, ինչպես նաեւ թուրք զբոսաշրջիկներին: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը' նշելով, որ եթե նախկինում այդ սահմանափակումն արվում էր միայն պաղեստինցիների համար, ապա այժմ այն սկսել են տարածել նաեւ թուրքերի վրա:

 

Իսրայելի հեռուստատեսությունը հայտնել է, որ այդ սահմանափակումը մտցվել է անվտանգության նկատառումներով: Երեք օր առաջ «Երուսաղեմի օրվա» կապակցությամբ Ալ Աքսա մզկիթ եկած մահմեդականների եւ իսրայելցի ոստիկանների ու զինվորականների միջեւ վիճաբանություն է ծագել, որի հետեւանքով իսրայելցիները ծեծի են ենթարկել հրահանգներին չենթարկված երեք թուրքերի:

 

Իսրայելն անվտանգության հիմնավորումներով հաճախակի սահմանափակում է պաղեստինցիների, այդ թվում նաեւ այլ մահմեդականների մուտքը Ալ Աքսա, ինչը լրացուցիչ լարվածության պատճառ է դառնում: