Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացան զինվորական հոսպիտալ և հանդիպել մայիսի 28-ին հակառակորդի դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախարարը զրուցել է զինվորների հետ, քաջալերել, իսկ հանդիպման ավարտին նրանց պարգևատրել գերատեսչական մեդալներով:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը' ժամը 02:55-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր:
Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Հայկական կողմը եւս վիրավորներ ունի: