Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նրա օգտին քվեարկել են բուհի կառավարման խորհրդի անդամները' հունիսի 2-ին կայացած նիստում, որտեղ Մուրադյանը ներկայացրել է իր ծրագիրը: «Արմենպրես»-ի թղթակիցը բուհից հայտնում է, ո ր քվեարկությունն ընթացել է փակ գաղտնի ընթացակարգով: Կառավարման խորհուրդը կազմված է 24 անդամից՝ 6-ական մարդ բուհի դասախոսական կազմից, բուհի ուսանողներից, կառավարությունից, մշակույթի նախարարությունից: Կառավարման խորհրդի նախագահն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թվականին և ունեցել է երեք բաժիններ՝ դերասանական, ռեժիսորական,թատերագիտական:1999 թվականին բուհի մասնագիտական ուղղվածությունն ընդլայնվել է և այն ստացել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» անվանումը: Ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել հունվարի 8-ից, որբ մահացել է նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թ. Երեւանում: Նա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն է, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր: Առաջին գիրքը լույս է տեսել 1976 թ., հետագայում հեղինակել է եւս 8 գիրք: 1994-1996 եւ 2001-2008թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010թթ-ին' ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ: «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է, արժանացել է նաեւ «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը: